Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոշում կանայք խոտ վաճառելով են ապրում (տեսանյութ)

Մարզեր
gosh-4

Սարերի բուրումնավետ ուրց ու դաղձ, ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ, զարդեր` վաճառասեղանին, իսկ վաճառասեղանի մոտ` զբոսաշրջիկ գնորդին հույսով սպասող կանայք: Տավուշի մարզի Գոշ գյուղն է: Գյուղի կենտրոնում Գոշավանքի վանական համալիրն է, որի շնորհիվ գյուղը դարձել է Հայաստանի զբոսաշրջային վայրերից մեկը:  «Սովետի տարիներին գյուղում Դիլիջանի «Իմպուլս» գործարանը մասնաճյուղ ուներ, կանայք աշխատում էին կարի արտադրամասում, հիմա աշխատանք չկա, ու սա է մեր եկամտի հիմնական աղբյուրը մեկ էլ անտառի բերքը`սունկը, վայրի տանձը, հոնը, մասուրն ու մոշը ու քաշած տնական օղին,-ասում է տիկին Սերիկը:- Ով մի կով կամ խոզ ունի, դրանով յոլա է գնում: Իսկ թե որևէ շինարարություն լինի, աշխատելու իրանց ծանոթներին են վերցնում»: Սերիկ Ամիրյանի տղայի տունը տասը տարի առաջ հրդեհից այրվել է։ «Խոստանում են, որ կօգնեն, կապահովեն, բայց մինչ օրս գյուղապետարանում են ապրում, - ասում է նա, բայց դեռ հույսներս չենք կորցնում»։ Լիանա Արզումանյանի խոսքով՝ գյուղը մոտ 1200 բնակչություն ունի, լավ միջնակարգ դպրոց, 120 աշակերտ ու լավ մանկավարժներ, բայց մարդիկ տուն-տեղ թողած՝ գնում են։ «Արդեն 70 ընտանիք գնացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի ու չեն վերադառնում,- ասում է նա,- շատերն էլ չգիտեն՝ գնան թե մնան»: