Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պատրաստ չէ գնահատել իր մեծ գրողներին. ԳՄ նախագահ

Հասարակություն
unnamed-56

Կոմպոզիտորների և գրողների միության նախագահներն ամփոփում են մշակութային տարին, փաստում են, որ տարին բուռն է եղել մշակութային կյանքում։ «Մենք արեցինք 2-3 փառատոն Միացյալ Նահանգներում։ Մինչև Տեխաս հասավ մեր երաժշտությունը։ Մենք բավականին բարձր մակարդակի ենք, և պատահական չէ, որ Տիգրան Մանսուրյանը Գրեմմի մրցանակաբաշխությանն է ներկայացվել»,- նշում է կոմպոզիտորների միության նախագահ Արամ սաթյանը։ Նա կարծում է, որ եթե այսօր  հետաքրքրվեն որոշ կոմպոզիտորների ստեղծագործություններով, ապա հնարավոր է, որ մոտ ապագայում մենք 7-8 հոգի առաջադրաված հայ կոմպոզիտորներ ունենանք «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը։ Խոսելով հայ կոմպոզիտորների խնդիրների մասին՝ Արամ Սաթյանը նշում է, որ նախ պետք է մտածել նրանց կեցության մասին։ Իսկ ինչ վերաբերում է հեղինակային իրավունքին՝ միության նախագահն ասում է, որ դրանից ստացված գումարի 15 տոկոսը միայն պետությունն է պահում, մի մասն էլ միջնորդող կազմակերպությունները և կոմպոզիտորին լավագույն դեպքում հասնում է այդ գումարի 20-30 տոկոսը։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշում է, որ իրենց միությունն այս տարի կազմակերպել է շուրջ 150 միջոցառում։ « Առաջին հերթին ուզում եմ նշել սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը։ Մեր միության սփյուռքահայ անդամները կապավորն են ժամանակակից գրականության և իրենց երկրների միջև։ Նրանք թարգմանվում են տվյալ երկրի լեզվով՝ այդպիսով ծանոթացնելով նրանց մեր մշակույթի հետ»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը։  Խոսելով հայ գրողների խնդիրներից՝ միության նախագահը փաստում է՝ առաջնահերթ խնդիրն այն է, որ կարողանանք ժամանակակից գրականությունը ներկայացնել և ճիշտ լուսաբանել։ Մենք մեր լավագույն գրողներին պետք է կարողանանք ժամանակին թարգմանել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Գրողների միության նախագահի խոսքերով՝ Հայաստանը պատրաստ չէ գնահատել իր մեծ գրողներին, որովհետև հիմա քիչ են կարդում, հանդիպումները գրողների հետ քիչ են։