Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերապատրաստվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասավանդող ուսուցիչները

Հասարակություն
1DX_9440

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին: ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի՝ 5-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակումը: Խմբի անդամները ԿԳ նախարարին տեղեկացրել են, որ մշակված առարկայական ծրագրով արդեն հրատարակվել են մինչև 7-րդ դասարանների դասագրքերը, իսկ 7-9-րդ դասարանների դասագրքերը կհրատարակվեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը:Մինչ այդ նախատեսվում է նաև վերապատրաստել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրով դասավանդող ուսուցիչներին: «Մենք արդեն ունենք ֆրանսերեն լեզվով խորացված ուսուցման ամբողջական ծրագիր՝ հիմնական դպրոցի 2-9-րդ դասարանների համար: Մասնագիտական խմբի կողմից տրվել են արժեքավոր մեթոդական լուծումներ, որոնք կարող են կիրառվել նաև այլ լեզուներով խորացված ուսումնական ծրագրերի մշակման ժամանակ: Այս տեսանկյունից կատարվել է շնորհակալ և գնահատելի   աշխատանքը»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորել է հատկապես Ֆրանսերենի խորացված ուսուցման դասագրքերի ստեղծումը՝ ընդգծելով, որ խորացված օտար լեզուներով դպրոցների կայացման համար դասագրքաստեղծ գործունեությունն առաջնային խնդիրներից է: ԿԳ նախարարը նաև վստահություն է հայտնել, որ ստեղծվել է արդյունավետ հիմք՝ հետագայում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվն ընդլայնելու համար.  «2018թ. Հայաստանում  անցկացվելու է ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, և այս համատեքստում ֆրանկոֆոն ծրագրերին ու ֆրանսերեն լեզվին ՀՀ կառավարության կողմից  կարևոր նշանակություն է տրվում: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է նաև ֆրանկոֆոն ռեկտորների հավաք, որը ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների  ցանցի ընդլայնման  լրացուցիչ խթան կհանդիսանա, և մենք  յուրաքանչյուր մարզում այդպիսի առնվազն 2 դպրոց կունենանք»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ֆրանսերեն լեզվով ուսուցումը դպրոցից հետո տրամաբանական ավարտին է հասնում բուհում՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Նշենք, որ Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը 2017-2018 ուսումնական տարվանից ընդլայնվել և ներդրվել է Հայաստանի Հանրապետության տասը հանրակրթական դպրոցներում. (Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց, Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց, Երևանի թիվ 125 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 հիմնական դպրոց, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց): Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարում՝ հանրակրթական 5 դպրոցներում: Առաջին փուլում մշակվել էր 2-4-րդ դասարանների կրթական ծրագիրը, իսկ 2016 թվականին ստեղծված աշխատանքային խումբն ամբողջացրել և ավարտին է հասցրել  ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի ու առարկայական ծրագրի մշակումը` նախատեսված մինչև 9-րդ դասարանի համար: ԿԳՆ