Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» դաշինքին չենք առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
09746db087f27b005790ff01db40a780

«Ծառուկյան» դաշինքը չի շտապում սատարել «Ելք» խմբակցությանը՝ Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում: «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը հակադարձում է. «Իսկ իրենք պարզե՞լ են՝ մենք ունե՞նք թեկնածու, թե՞ ոչ: Եվ մենք պարտավորվա՞ծ ենք՝ լինի «Ելքը», լինի որեւէ մեկը, մենք պարտավորված չենք»: Այս պահին «Ծառուկյան» դաշինքը նախագահի իր թեկնածուն չունի: Բացառված չէ նույնիսկ, որ այդպես էլ թեկնածու չունենան. «Բայց դա չի նշանակում՝ եթե մենք թեկնածու չունենք, ինքնին պարտավոր ենք պաշտպանել «Ելք» դաշինքի թեկնածուին»: Գեւորգ Պետրոսյանը չի բացառում նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքը կպաշտպանի Հանրապետական կուսակցության առաջադրած Հայաստանի նախագահի թեկնածուին: Ինքը նույնիսկ կառաջարկի, որ շատ չկենտրոնանանք թեկնածուի կուսակցական պատկանելության վրա. «Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ անկախ իր քաղաքական կեցվածքից ներկայացնի այնպիսի թեկնածու, որն իր գործնական եւ անձնական հատկանիշներով բավարարում է Սահմանադրության եւ կյանքով ՀՀ նախագահի պահանջները»: Դաշինքն արդեն ստացել է իրենց թեկնածուին սատարելու մասին «Ելքի» պաշտոնական գրությունը: Քննարկումներն, ըստ Գեւորգ Պետրոսյանի, շատ չեն ուշանա: Սակայն պատգամավորը համաձայն չէ, որ Ելքը իր առաջարկով փորձում է ցույց տալ, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ. «Որեւէ մեկը բացի ժողովրդից, իրավունք չունի այդպիսի անպտուղ գործունեությամբ զբաղվել՝ ստուգել «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինել-չլինելը»: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը չի էլ պատրաստվում թեմա դարձնել «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինելը: Նրանք խորհրդարան են մտել որպես ընդդիմադիր ուժ եւ իրավաբանորեն այդպիսին է. «Ծառուկյան» դաշինքը այսօրվա գործող օրենքներով Ազգային Ժողովում զբաղեցնում է ընդդիմադիր դաշինքի նիշան, նստած է ընդդիմադիր տեղում, զբաղեցնում է ընդդիմադիր դաշտին հատկացված Ազգային Ժողովի նախագահի տեղը»: Արամ Սարգսյանը բնական է համարում, որ «Ծառուկյան» դաշինքն էլ կունենա Հայաստանի նախագահի իր թեկնածուն: Բայց սկզբից պետք է կարդան պաշտոնական գրությունը: Ելքը «Ծառուկյան» դաշինքին ցույց է տալիս, որ պատրաստ է փոխարինել այս իշխանություններին. «Մենք չենք էլ ասում դուք ձեր թեկնածուն մի առաջադրեք: Մենք ուղղակի ասում ենք՝ մենք ունենք թեկնածու: Արտակ Զեյնալյանին առաջարկել ենք՝ նայեք ձեր հարմարությանը, կհամաձայնվեք, շատ բարի, չեք համաձայնվի, ձերը կառաջարկեք, ձեր իրավունքն է»: Պարոն Սարգսյանը համաձայն չէ, որ իրենք անհետեւողական են, քանի որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատեցին Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու համար, իսկ հիմա իրենք են ուզում համագործակցել. «Խնդիրը բուրժուադեմոկրատական հեղափոխության մեջ էր, մենք էսօր «Ծառուկյան» դաշինքին չենք առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն»:  Արամ Սարգսյանը լրագրողներին զգուշացնում է, որ նրանց չի հաջողվի այսօր վեճ հրահրել իր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ինքն առաջարկում է վեճ հրահրել Ծառուկյան դաշինքի եւ կոալիցիայի միջեւ: