Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5000 դոլար՝ 500 երեխայի ցանկություն իրականացնելու համար

Հասարակություն
santa

Ամանորին ընդառաջ, երբ շատերը խաղում են «Գաղտնի սանտա» ու միմյանց գաղտնի նվերներ անում, «Պարգևենք ժպիտ» հասարակական կազմակերպությունն էլ  յուրօրինակ «խաղ» է կազմակերպում՝ «Առաքելությունը՝ Ձմեռ Պապ»: Կազմակերպության անդամներն ամեն տարի հավաքագրում են մանկատան, հատուկ դպրոցների՝ Ձմեռ պապին ուղղված նամակները և փորձում իրականացնել նրանցում առկա երազանքները: «Ֆեյսբուքի միջոցով մենք միջոցառում ենք ստեղծում և հրապարակում երեխաների նամակները: Բարի մարդիկ ընտրում են երեխաների, որոնց ցանկություններն իրենք իրականացնում են: Կան մարդիկ, որոնք պարզապես գումարի տեսքով են նվիրատվությունն անում»,- պատմում է կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Մանուսաջյանը: Նամակները հավաքելուց հետո կամավորների աջակցությամբ տեղի է ունենում դրանց հրապարակային ընթերցումը: Այնուհետև այդ նամակները դարձյալ հրապարակվում են ֆեյսբուքյան էջում: «Երբ նվերները հավաքագրում ենք, կոնկրետ օր ենք որոշում մինչև Նոր տարին, միջոցառում ենք կազմակերպում, և Ձմեռ Պապը պարկով գալիս է ու նվերները բաժանում երեխաներին: Մենք փորձում ենք համագործակցել բոլոր այն կառույցների հետ, որոնք Նոր տարվա շեմին որոշակի բարություն են փորձում անել հատկապես դրա կարիքն ունեցող մանուկների համար, որոնք անգամ Նոր տարուն զրկված են նվերներ ունենալուց: Անցած տարվա փորձերից մենք վստահ ենք, որ 5000 դոլարը բավական է 500 երեխայի ցանկություն իրականացնելու և սրճարանում միջոցառում կազմակերպելու համար»,- ասաց Լիանա Մանուսաջյանը: Նրա խոսքերով՝ այցերը չեն սահմանափակվում միայն ամանորյա տոների շրջանակով: Ամեն ամիս նրանք տարբեր այցեր են ունենում մանկատներ, հատուկ դպրոցներ, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներ: «Եթե ամսվա կտրվածքով ծնունդներ կան, փորձում ենք մեզ հետ նվերներ տանել, որպեսզի երեխաներն իրենց յուրահատուկ զգան: Նոր տարվա հետ կապված այցեր ենք անում նաև մանկական հիվանդանոցներ»,-նշում է Լիանա Մանուսաջյանը: Անցած տարիներին տարբեր կազմակերպությունների դրամական նվիրատվությունների շնորհիվ Պարգևենք ժպիտ հասարակական կազմակերպությունը կարողացել է մոտավորապես 250 երեխայի ցանկություն իրականացնել: Նվիրատվություններ լինում են նաև արտասահմանից: