Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխական տրդլոյից մինչև հայկական մարշմելոու՝ ամանորյա տոնավաճառում (տեսանյութ)

Հասարակություն
tonavajar3

Տոնական ամիսներին արդեն 6 տարի գործող փոքրիկ փայտե տնակներով  երեւանյան  տոնավաճառում կարելի է գտնել ոչ միայն ամանորյա ավանդական խաղալիքներ ու նվերներ, այլ նաև ախորժաբեր ու համեղ ուտելիք։  Արևելյան լահմաջուից  մինչև թուրինգյան նրբերշիկ ու չեխական քաղցրավենիք. «Մենք ներկայացնում ենք չեխական քաղցրավենիք՝տրդլո։ Պատրաստում ենք տեղում, մատուցվում է և տաք, և սառը վիճակում։ Մեր քաղցրավենիքը նորություն է, շատերը չեն ճանաչում, ծանոթանում են հենց տեղում։ Շատերին բացատրում ենք դրա համը, հատկությունը և այլն»,- ասաց տաղավարներից մեկի աշխատակցուհի Անի Հովհաննիսյանը։ Չեխական ու արևելյան քաղցրավենիքին ոչնչով չի զիջում նաև հայրենականը: Այստեղ կարելի է հայկական մարշմելոու՝  մրգապաստեղ  ու տաք շոկոլադ փորձել: «Հայաստանում քիչ է նման բան արտադրվում։ Սիրում են, երբ փորձում են ու էլի գալիս»,- պատմում է Գրիգոր Գալեճյանը։ Էլ ի՞նչ Ամանոր, առանց բարեգործության: Տոնավաճառում գործող մի քանի տաղավարներ իրենց վաճառքից գոյացած գումարով որոշել են բարեգործություն անել  ու մեկ քայլով մոտեցնել ամանորյա հրաշքը. «Մեր կոալիցիան կոչվում է մենք ենք: Մենք համագործակցում ենք մոտավորապես 13 բարեգործական կազմակերպությունների հետ։ Այդ կազմակերպություններից հիմնականում տարբեր խնդիրներով երեխաների ձեռագործ աշխատանքները գալիս են մեզ մոտ ու դրանց վաճառքից գոյացած գումարով նվիրատվություն է կատարվում։  Ունենք մանկական ուղեղային կաթվածով կամ աուտիզմով երեխաների ձեռագործ աշխատանքներ։ Բացի դրանից ունենք նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց ձեռագործ աշխատանքներ, որոնց գումարը գնում է ավելի ծանր հիվանդություն ունեցող երեխաների բուժմանը։ Մեր տաղավարում ամբողջովին նոր տարվա հետ կապակցված նվերներ են»,- ասաց Աստղիկ Թադևոսյանը: Ամանորյա տոնավաճառը Հյուսիսային պողոտայում գործելու  է մինչեւ հունվարի  7-ը։