Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի դրամատիկական թատրոնը վերածվել է հեքիաթային աշխարհի

Հասարակություն
25497265_914642808694944_154639388_n

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի առաջին անգամ յուրահատուկ ձևով է դիմավորելու Նոր տարին: Թատրոնի շենքը վերածվել է հեքիաթային դղյակի: Զարդարված են դիմային հատվածը, ճեմասրահն ու այգին: Ճեմասրահում տաղավարներ են տեղադրվել, հեքիաթային հերոսների նկարներ, որոնց հետ այցելուները լուսային էֆեկտներով կարող են նկարվել:  Թատրոնի այգին կոչվում է Ձմեռային այգի, որը նույնպես զարդարված է լուսային ու գեղեցիկ կերպարներով, իսկ բնական եղևնուց զարդարված տոնածառը ուրույն տեսք է հաղորդում նրան: Նախաձեռնությունը թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանինն է, որին աշխատանքների կազմակերպման հարցում աջակցել է թատրոնի ողջ անձնակազմը: «Այս նախապատրաստության նպատակը թատրոնին նոր շունչ հաղորդելն է: Թատրոնի դուռը բացելուն պես երեխաները կհայտնվեն հեքիաթային աշխարհում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թատրոնի PR մենեջեր Գոռ Փելեշյանը: Դեկտեմբերի 20-ին կմեկնարկի ամանորյա առաջին միջոցառումը՝ «Ձյունե թագուհին» և կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը: «Այս նախապատրաստության  արդյունքն ակնհայտ է. դեկտեմբերի 20-ի ներկայացման տոմսերն արդեն սպառված են, քանի որ մեծացել է հասարակության հետաքրքրությունը դեպի թատրոն»,- ասաց մեր զրուցակիցը: Ճեմասրահում հյուրերին երգ-երաժշտությամբ կդիմավորեն հեքիաթային հերոսները, որից հետո տոնական դահլիճում կմեկնարկի ներկայացումը: «Բացի այդ, հյուրերին սպասվում են նաև բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին նրանք կիմանան թատրոն այցելելիս»,-ասաց պարոն Փելեշյանը: