Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճակատը մտադիր է ժողովրդին համոզել, դուրս բերել փողոց եւ հարցերը լուծել (տեսանյութ)

Քաղաքականություն
petros-makeyan

Հարաբերական անդորր՝ ամպրոպից առաջ. այսպես է գնահատում ներքաղաքական իրավիճակը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:   Պետրոս Մակեյանը, որ նաեւ Հանուն Հայաստան պետության ճակատի անդամ է,  չի բացառում, որ  առաջիկայում լինի ֆորսմաժորային իրավիճակ. «Թե Ղարաբաղի հարցում, թե,  հնարավոր է, ներկլանային պայքարը վերահսկողությունից դուրս գա, եւ կարողանանք ազդել այս զարգացումների վրա»:  Ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Սկսվելու է պայքար ամբողջովին խորհրդարանական դարձած երկրի վարչապետի պաշտոնի համար. «Իմ տպավորությամբ Սերժ Սարգսյանը արեւմուտքի դաբրոն ստացել է, դա են վկայում իր ելույթները, որ դարձել է հակակոռուպցիոն պայքարի ջատագով, մարդու իրավունքներից է խոսում...»,- ավելացնում է Պետրոս Մակեյանը:  Այնուամենայնիվ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը հիմա  փորձում է  հարցեր կարգավորել Ռուսաստանի հետ։ Պետրոս Մակեյանը անդրադառնում է Սերժ Սարգսյանի՝  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին:  Նա հստակ չի նշում՝  կլինի՞ վարչապետ, թե՝ ոչ: Մինչդեռ մինչ այդ հայտարարել էր, որ չի ցանկանում կրկին ղեկավարել երկիրը. «Ինքը ստախոս է, 10 տարի անընդհատ ստում է, իր մոտ աշխատում է գեբելսյան սկզբունքը. այնքան է սուտը կրկնում, որ մտածում է իրականությանը համարժեք է:    Իսկ ինչ վերաբերում է թիմին, մինչեւ այսօր այդ թիմը հոտի կարգավիճակում է, հովիվն էլ  ինքն է, բայց չի բացառվում, որ հոտը դառնա կատաղած ոչխար: Անգլիական ասացվածք կա, որ ամենավտանգավորը կատաղած ոչխարն է»,- նշում է Պետրոս Մակեյանը:     «Ելք»-ն արդեն ներկայացրել է  ՀՀ նախագահի իր թեկնածուին ի դեմս  պատգամավոր Արտակ Զեյնալյանի։ Պետրոս Մակեյանը վերապահումով է խոսում «Ելք»-ի մասին՝ հիշեցնելով, որ վերջինս ընդունել է ԱԺ ընտրության արդյունքները.  «Հիմա հաջորդ քայլն է, եթե մտնում են ընտրությունների մեջ,  նշանակում է լեգիտիմացնում են հաջորդ ապօրինի գործընթացը: Լուրջ չեմ ընդունում, իրենք էլ հասկանում են կամ բազարի արդյունքում իմ կողմից  հարգված Արտակ Զեյնալյանը պիտի լինի նախագահ կամ էլ դա պրոցես է, որ աջակցելու է, որպեսզի  թատրոնը լիարժեք լինի»:   Իսկ  Ժիրայյր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այս օրերին աշխատում է ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ. «Մեր հիմնական գործընկերը հանրությունն է, ուրիշ հնարավորություն չկա: Մեր խնդիրն է հաշված օրերի ընթացքում ժողովրդին համոզել, դուրս բերել փողոց եւ հարցերը լուծել, այս ճանապարհն ենք ընտրում»,- հայտարարում է Պետրոս Մակեյանը:  Դեռ վերջնական որոշում ընդդիմադիր  ճակատը  չի  կայացրել: