Հրազդանի կիրճում երկու ավտոմեքենաներ են իրար բախվել

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիր զբոսայգու մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 UZ 560 (Ա. Մ.) և «Audi A6» մակնիշի 77 SG 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Audi A6» ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում: Տուժածներ չկան:


Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան գետն ընկած ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ գետից դուրս են բերել «Audi A6» մակնիշի 77 SG 707 պետհամարանիշով ավտոմեքենան: