Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս պայքարել ավազակապետության դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
45215c90-9d17-4a1c-8b5a-c6c5f6023166_tv_w800_h450

Ամերիկայի Ձայն Ինչպե՞ս պայքարել բռնապետության ներսում կոռուպցիայի դեմ՝ արտերկրից: Այս հարցն էին քննարկում ԱՄՆ-ի Սենատում անցած Հելսինկյան հանձնաժողովի լսումների մասնակիցները: Շախմատի աշխարհի չեմպիոն, Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար Գարրի Կասպարովի խոսքով, այսօրվա բռնապետություններն ունեն լուրջ թուլություն. «Մեր օրերի բռնապետները ցանկանում են վայելել Արեւմուտքի շքեղությունները՝ հենց այն Արեւմուտքի, որի դեմ նրանք պայքարում են քարոզչական նպատակներով»: Բռնապետություններում հանցավոր ճանապարհով մեծ կարողություն կուտակած մեծահարուստները թեեւ թալանում են իրենց սեփական երկիրը, հարստությունը ցանկանում են պահել Արեւմուտքում, ավելացնում է Hermitage Capital ընկերության ղեկավար Բիլ Բրաուդերը, ում փաստաբան Սերգեյ Մագնիցկին շատերի կարծիքով՝ ապօրինի ազատազրկվեց, այնուհետեւ 2009-ին՝ սպանվեց Ռուսաստանում. «Նրանք վախենում են, որ իրենց հափշտակած գումարները իրենցից կվերցնեն մյուսները, այդ պատճառով ցանկանում են գումարները պահել երկրներում, որտեղ գործում է օրենքն ու սեփականության իրավունքները, որտեղ նրանք իրենց ֆիզիկապես ապահով կզգան»: Սենատոր Շելդոն Ուայթհաուզի խոսքով, այս հարցում բռնապետությունների օլիգարխներին լուրջ աջակցություն են ցուցաբերում Արեւմուտքի երկրների որոշ իրավաբաններ. «Մեր իրավաբաններն ու այլ մասնագետներ օգնում են թաքցնել երրորդ երկրներից ապօրինի կուտակված հարստությունները այստեղ»: Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը, ով Սերգեյ Մագնիցկիի մահվան մեջ մեղավոր ռուս պաշտոնյաների դեմ ընդունված պատժամիջոցների համահեղինակներից էր, նշեց, որ այսօրվա Ռուսաստանը լավագույնս կարելի է կլեպտոկրատիա՝ ավազակապետություն անվանել. «Պուտինն իշխում է ավազակների խմբի օգնությամբ, ում հավատարմությունն ապահովված է ռուս ժողովրդից գողացված գումարների հոսքով»: