Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

Ամերիկայի Ձայն

Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ:

Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից:

Ընտրված 9 ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լոնդոնում հատուկ հանձնաժողովների անդամների համար, ովքեր պետք է փակ քվեարկությամբ որոշեն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 ֆիլմերի վերջնական ցանկը ներքոնշյալ 9 ֆիլմերից՝

  1. «ֆանտաստիկ կին», Չիլի, ռեժիսոր՝ Սեբաստիան Լելիոն
  2. «Անհետացման եզրին», Գերմանիա, ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին
  3. «Մարմնի և հոգու վրա», Հունգարիա, ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի
  4. «Foxtrot», Իսրայել, ռեժիսոր՝Սամուել Մաուզ
  5. «Վիրավորանք», Լիբանան, ռեժիսոր՝ Զիադ Դուերի
  6. «Առանց սիրո», Ռուսաստան, ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև
  7. «Երջանկություն», Սենեգալ, ռեժիսոր՝ Ալեյն Գոմիս
  8. «Վերք» Հարավային Աֆրիկա, ռեժիսոր՝Ջոն Թրենգով
  9. «Քառակուսի», Շվեդիա, ռեժիսոր՝Ռուբեն Օսթլունդ

Ամերիկյան կինոակադեմիայի օտարալեզու ֆիլմերի հանձնաժողովը կհրապարակի իր վերջնական ընտրությունը հունվարի 23-ին: Նույն օրը հայտնի կդառնա նաև այս տարվա «Օսկար»-ի մյուս անվանակարգերում ընդգրկված կինոնկարների ցանկը:

«Օսկար»-ի ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդի Dolby թատրոնից եթեր կհեռարձակվի 2018 թվականի մարտի 4- ին: