Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղետների ռիսկը պետք է բացահայտվի և չեզոքացվի

Պաշտոնական
davit-tonoyan

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց (DCAF) Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության ուղիները աղետների ռիսկի նվազեցման, աղետների կառավարման գործընթացում և արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման, բնակչության պաշտպանվածության և պատրաստվածության գործում: Անդրադառնալով Հայաստանի հանրապետությունում սպասվող կառավարման ձևի անցմանը դեպի խորհրդարանական՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ խորհրդարանի դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում աճում է, և Ժնևի կենտրոնի փորձագիտական աջակցությունն այս ոլորտում կարող է շատ օգտակար լինել, ինչպես նաև՝ քննարկվեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը աջակցելու հնարավորությունը: Կողմերը քննարկեցին նաև երկրի համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրները՝ հատկապես ԱՌՆ-ի բաղադրիչի ներառումը համայնքային բյուջետային ծրագրերում: Համագործակցության շահառուների դաշտն ընդլայնելու նպատակով կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին համատեղ աշխատանքի գործընթացում ներառել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որի միջոցով կապահովվի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: