Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ԵԼՔ-ը նախագահի թեկնածու առաջադրում (տեսանյութ)

Քաղաքականություն
yelq-elk-nikol

Դաշնակցական Աղվան Վարդանյանը բացառում է, որ ընդդիմադիր Արտակ Զեյնալյանը հաջորդ տարվա ապրիլին որպես «Ելք» դաշինքի թեկնածու որեւէ հնարավորություն ունի խորհրդարանում ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ. «Որքան հիշում եմ, Ելք դաշինքը նաեւ Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր առաջադրել: Թվերը հիմա չեմ հիշում, ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունները չեն կարող վերջին հաշվով հաջողության հասնել»: Այս պահի դրությամբ Դաշնակցությունը ապագա նախագահի անձի թեկնածության շուրջ քննարկումներ չի ունեցել ոչ Հանրապետականի եւ ոչ էլ իր կուսակցության ներսում: Բայց բացառվում է, որ կոալիցիոն ուժերը պաշտպանեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը. «Որովհետեւ եթե կա քաղաքական մեծամասնություն եւ կոալիցիոն համաձայնագիր, իսկ էդ համաձայնագիրը առաջիկա հինգ տարիների համար է գործում, միշտ վստահ եղեք, որ մենք եւ մեր գործընկեր կուսակցությունը կգտնենք համապատասխան թեկնածու, որը կբավարարի այդ պաշտոնին ներկայացվող պահանջներն ավելի, քան պարոն Զեյնալյանը»: Արտակ Զեյնալյանը նախագահ դառնալու մաթեմատիկական հնարավորություններ էլ չունի, եթե նույնիսկ նրան թեկնածությունն, ըստ Աղվան Վարդանյանի, պաշտպանի նաեւ «Ծառուկյան» դաշինքը. «Կարող եք գումարել «Ելք» դաշինքի ձայները «Բարգավաճ» կուսակցության երբեմն շատ բազմագույն ձայները եւ ստանալ կեսից պակաս թիվ»: «Ծառուկյան» դաշինքը դեռ չի շտապում հայտարարել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, կհավաքվեն, կքննարկեն, կորոշեն։ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշում է. «Համապատասխան քննարկումը տեղի կունենա, մենք մեր դիրքորոշման մասին կհրապարակենք»: Նույնատիպ պատասխան է ենթադրում նաեւ այն հարցը, թե գուցե «Ծառուկյան» դաշինքը նախագահի իր թեկնածուով մասնակցի խորհրդարանում տեղի ունեցող ընտրությանը. «Մենք առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել եւ չենք քննարկել»: «Ելք» խմբակցության առաջնորդը հույս ունի, որ «Ծառուկյան» դաշինքը կպաշտպանի իրենց թեկնածուին: Իրենք ընտրել են Արտակ Զեյնալյանին, որովհետեւ նա կարող է հետեւել Սահմանադրության կարգի պահպանմանը: Սակայն ինչպե՞ս է ընդդիմադիր նախագահն աշխատելու իշխանության վարչապետի հետ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք էլ չէ, որ նոր նախագահը իշխող քաղաքական թիմից լինի. «Հանրապետության նախագահը նոր Սահմանադրության տեքստով պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի, եւ մասնավորապես իշխող քաղաքական համակարգին հակակշռողի դերը»: Նիկոլ Փաշինյանը չի քննարկում Արտակ Զեյնալյանի ընտրվելու հնարավորությունը: Իրենք թեկնածու են առաջադրում, որպեսզի ընտրողները հասկանան, որ եթե անցյալ տարվա ապրիլին իրենք ընտրեին «Ելքին», նախագահի ընտրությունների արդյունքներն այլ կլինեին. «Ինչու՞ Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ նախագահ չընտրվեց: Մի պարզ պատճառով: Որովհետեւ ՀՀ քաղաքացիները ձայն են տվել,-մեծամասնությամբ՝ ընտրակաշառքով,-էնպիսի պատգամավորների, որոնք դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանին եւ կողմ են քվեարկել Արա Բաբլոյանին»: «Ելքը» չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ինչ է թե փոքրամասնություն է: Արտակ Զեյնալյանի թեկնածության առաջադրումը միջոց է նախընտրական երկխոսությունը շարունակելու, որի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի ամեն քաղաքացի հասկանա, որ ամեն ինչ կախված է իրենից: