Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-6

ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ 4 նախագծերի քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն:  «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին 67 կողմ, 23 դեմ ձայներով: Դեմ էին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:  «Բյուջետային համակարգի մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը ընդունվեց միաձայն՝ 92 կողմ: Վարման կարգով Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա. ցավոք, ՀՀ-ում ԱԺ հեղինակությունն այդքան էլ բարձր չէ, սակայն, օրինակ, լուրերի թողարկումով ցույց են տալիս այս ցուցատախտակը, որտեղ գրված է՝ 86 կողմ, սակայն դուք հայտարարում եք՝ կողմ 95: Ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ ասում են՝ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք: Այնպես, որ այդ ծրարներով քվեարկության պրակտիկան մենք կարծում ենք հակասահմանադրական է: Ընդամենը ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ այս պարզ իրավիճակից ինչպիսի հետեւանքներ ու արձագանքներ կարող են լինել»: «Շատ լավ, այսուհետեւ ես ամեն անգամ կհնչեցնեմ, որ 6 պատգամավոր, որոնք գտնվում են գործուղման մեջ, իրենց ձայնը տալիս են այդ նախագծին: Կհորդորեմ նաեւ, որպեսզի լուրերը պատշաճ ձեւով լուսաբանեն, որպեսզի մեր հասարակությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի իրավունքը պաշտպանված է, որ ինքը կարողանա արտահայտել իր կարծիքը քվեարկվող հարցերի վերաբերյալ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  Արդեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների քվեարկությանը Արա Բաբլոյանը հենց այդպես էլ վարվեց՝ մանրամասն զեկուցեց, թե փաստացի քանի պատգամավոր է քվեարկել, բացակա քանի պատգամավորի ձայն է գումարվել եւ որ պատգամավորների ձայները չի ֆիքսել համակարգը՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Արդյունքում այս նախագիծն ընդունվեց միաձայն՝ 93 կողմ:  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունները եւս ընդունվեցին միաձայն:  Վերջում Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ին ժամը 11-ին Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ: