Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները զինակոչի հետ կապված խնդիրներ չունեն

Սպորտ
sport-chess-1312.

«Մեր շախմատիստները զինակոչի հետ կապված խնդիրներ չունեն: Օրինակ, Մանուէլ Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ներկայումս ծառայում են  սպորտային վաշտում: Նրանք գտնվում են շախմատի ֆեդերացիայի հսկողության տակ, ոչ մի խոչընդոտ չունեն մարզվելու եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու հարցում: Մանուէլ Պետրոսյանը վերջերս հաջող հանդես եկավ աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Սամվել Տեր-Պետրոսյանը հաղթել է Մակեդոնիայում անցկացվող միջազգային մրցաշարում», - այսօր կայացած մամուլի ասուլիսին «Ա1+»-ի բարձրացրած հարցին պատասխանեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Գնահատելով մեր շախմատիստների ելույթներն անցած մրցաշրջանում՝ բանախոսն ասաց, որ 2017 թվականը հաջողված տարի է հայկական շախմատի համար: «Մեր շախմատիստները մեծ թվով հաղթանակներ տարան միջազգային մրցաշարերում: Դա առաջին հերթին վերաբերում է Լեւոն Արոնյանին, որը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությունում, ինչը շատ բարդ մրցաշար է: Նա առաջին տեղերը գրավեց նաեւ Նորվեյ Չես եւ Գրանկե Չես սուպեր մրցաշարերում, ընդ որում բացահայտ առավելությամբ: Նման արդյունքներ հիմնականում ցույց են տալիս աշխարհի չեմպիոնները: Սակայն ամենագլխավորն այն է, որ ֆեդերացիան անցկացրեց 9 մրցաշար, այդ թվում երեք պատանեկան, իսկ դպրոցականների օլիմպիադային մասնակցեցին 20 հազար երեխաներ, ինչը բավականին մեծ թիվ է»: Խոսելով 2018 թվականի ծրագրերի մասին, Միքայել Անդրիասյանն ասաց, որ առաջնահերթ խնդիրը Լեւոն Արոնյանի մասնակցությունն է Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարում, ինչպես նաեւ մեր հավաքականների ելույթը շախմատի հերթական օլիմպիադայում, որը կայանալու է Բաթումում:  «Ցանկանում ենք Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերը կազմակերպել այնպես, որ իրար հաջորդեն եւ ամբողջական տպավորություն թողնեն: Խոսքը վերաբերում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարին, Սեւանի, Երեւանի եւ Ծաղկաձորի օփեններին: Տեսնենք, թե որքանով դա կհաջողվի մեզ», - եզրափակեց ՀՇՖ գլխավոր քարտուղարը: