Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսապես անարդյունավետ  համայնքները չեն գազաֆիկացվի (տեսանյութ)

Տնտեսություն
gazi-sakagin

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը  հաջորդ երկու տարիներին  32 մլն 396 հազար դրամի ներդրումային ծրագիր կիրականացնի: Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց ծրագրին:  «Ներկայացված ներդրումները, որոնք այսօր հաստատվեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, դրանք  անհրաժեշտ են պահպանելու անվտանգ եւ անխափան գազամատակարարումը ՀՀ-ում»,- ասում է «Գազպրոմ Արմենիա»  ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:  Ներդրումային ծրագրով նախատեսվում է  նոր մայրուղային գազատարների կառուցում:  «Հնչեցվեց 700 մմ տրամագծով եւ 1000 մմ տրամագծով գազատարերի մասին, որոնք գտնվում են Վրաստանի  տարածքում: Որպեսզի մենք կարողանանք իրականացնել «Գազպրոմ Արմենիա»-ի հասանելի գործառույթները,  պարտադիր պետք է տեղափոխվեն ՀՀ տարածք»,- ավելացրեց Հրանտ Թադեւոսյանը: Այս տարի արդեն   ընկերությունը  9000 նոր բաժանորդ ունի։  «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը հպարտանում է՝ ՀՀ-ն ամենագազաֆիկացված երկրներից մեկն է. «Ներկա պահին 96 տոկոս գազաֆիկացում ունենք: Տարվա կտրվածքով ունենում ենք 9-ից 11 հազար աբոնոմենտի ավելացում»: Սակայն գազաֆիկացում չի արվի այն  բնակավայրերում, որտեղ ընկերությունը նպատակահարմար չի գտնում տնտեսական տեսանկյունից:    «Չգազաֆիկացված կոնկրետ համայնքների անուններ Հրանտ Թադեւոսյանը չի նշում՝ բոլոր մարզերում էլ կան:  Անդրադառնալով այն դիտարկմանը, թե բարձր սակագնի պատճառով շատ բաժանորդներ հրաժարվում են գազի սպառումից, վերջինս անհիմն համարեց։ «Ներկա  դրությամբ, 2016 թ համեմատությամբ, 11 ամսվա կտրվածքով  բնակչությունը   70 մլն  խմ ավել է սպառել: Բնակչության սպառողների անկում մենք չենք նկատում»,- ասաց  «Գազպրոմ Արմենիա»  ընկերության գլխավոր տնօրենը:   Ի դեպ, 2018 թ գազի սակագինը չի բարձրանա: Բնական գազի գինը ՀՀ-ի համար  հունվարի 1-ից մինչեւ  դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի համար:  Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել  ՀՀ եւ  ՌԴ վարչապետների հանդիպման ժամանակ: