Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից տրվող փոխհատուցման չափը

Քաղաքականություն
միեդ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով փոխհատուցման չափերը. այս մասին հաղորդագրություն է տրամադրել Եվրոպայի խորհուրդը։

Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։  «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձի  Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո՝ յուրաքանչյուրին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։ Հիշեցնենք՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականների, որոնք, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։ Երկրորդ՝  «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», գործը վերաբերում է հայ փախստականին, ով ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր սեփականությունից 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ու նրան մշտապես մերժել են իր գյուղ վերադառնալու ու իր սեփականությունն օգտագործելու իրավունքը։ Այս գործով ևս ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ և 13-րդ հոդվածքների խախտում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիմքով (արդարացի բավարարում) Չիրագովն ու մյուս 6 դիմումատուները պահանջել էին մի քանի միլիոն եվրոյի փոխհատուցում։ Երկու գործերով ՄԻԵԴ-ը վճիռները հրապարակել էր 2015թ․-ի հունիսի 16-ին։ Այդ ժամանակ, սակայն, ՄԻԵԴ-ը դեռ չէր կարողացել որոշում կայացնել փոխհատուցման վերաբերյալ։ Եվ ահա վճռի հրապարակումից մոտ  2,5 տարի անց՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՄԻԵԴ-ն առանձին վճիռներով որոշեց, թե որքան է գործերով նյութական փոխհատուցման չափը։ Նշենք նաև, որ նախօրեին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ ՄԻԵԴ-ի կողմից սպասվող որոշումները երկու ուղղություն են պարունակելու. առաջինը՝ նյութական փոխհատուցման չափ, երկրորդը՝ իրավունքների վերականգնման մեխանիզմներ: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն որպես սուբյեկտի՝ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ։ Վերջում հավելենք, որ այս երկու գործերի կատարումը գտնվում է ԵԽ նախարարների կոմիտեի վերահսկողության տակ, որի վերաբերյալ տեղի է ունեցել մեկ քննարկում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի և Արցախի ներկայացուցչի մասնակցությամբ։ Թարգմանությունը՝ panorama. am-ի