Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ՝ Սասնա ծռերի նիստին. «Մեզ դատեք հայրենասիրության համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0115486

«Սասնա ծռեր-2»-ի գործով այսօր դատավորը ճշտեց 11 անդամների դիրքորոշումը՝ մեղադրանքի վերաբերյալ։ Անդամներից Արամ Մանուկյանը նշեց, որ մեղադրական եզրակացության հետ կապ չունի, իրենք ապստամբություն են կատարել, և ապստամբության հոդվածով պետք է մեղադրանք ներկայացվի։ Հովհաննես Հարությունյանն էլ ապստամբությունը համարեց սրբազան պարտք։ Սասնա ծռերի մյուս բոլոր անդամները եւս չընդունեցին մեղադրանքը։ Վարդան Գերավետյանն էլ հայտարարեց, որ իրենց արժանապատվության համար են նման քայլի դիմել և  կատարվում է հանցագործություն պետական մարմինների կողմից։ Անդրադառնալով նաև բանկոմատ թալանելու մեղադրանքին՝ Գերավետյանը նշեց, որ իրեն ճանաչող բոլոր մարդկանց ծիծաղը կգա, եթե լսեն, թե ինչի մեջ է ինքը մեղադրվում։  Արամ Հակոբյանը հայտարարեց, որ ոչ միայն չի ընդունում առաջադրված մեղադրանքները, այլ առաջարկում է իրենց դատել հայրենասիրության համար. «Չափազանց հայրենասիրության համար դատեք, դուք ավելի շատ կալանավոր եք, քան մենք, դուք իշխանությունների ձեռքին գերի եք, և ոչ մի քայլ առանց նրանց չեք կարող անել»։ Սերգեյ Կյուրեղյանն էլ հայտարարեց, որ հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է, և այժմ ոչ թե հանրապետություն է, այլ բռնապետություն։ Պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ ամբաստանյալների դիրքորոշուոմը լսելուց հետո հայտարարեց, որ որևէ մեկի մեղադրանքն անհատականացված չէ, և այսպիսով տեղի է ունենում քաղաքական դատավարություն։ Այնուհետև դատավոր Արթուր Օհանյանը ցանկացավ ճշտել մեղադրողից՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Երբ պաշտպան Լուսինե Սահակյանն առարկում էր դատավորի գործողությունների դեմ, դատավորը թույլ չտվեց, որպեսզի նա խոսի, կարգադրեց բարձրախոսը վերցնել փաստաբանի ձեռքից, վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, ցանկացավ լքել նիստերի դահլիճը։ Դատավորը ընդմիջում հայտարարեց։