Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին

Պաշտոնական
12-3

Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին: Նորին Սրբությունը ողջունեց եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիների միջև առկա կապերին և գործակցությանը Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և Ավետարանական-Լյութերական եկեղեցու միջև ձևավորված համագործակցության առիթով: Զրույցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղեմում իր ուսումնառության տարիներին առիթ է ունեցել ծանոթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությանը և հայ ժողովրդի պատմությանը: Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: