Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք (տեսանյութ)

Քաղաքականություն
676FF238-B300-45DD-B117-84A0D2F7D762_w1023_r1_s

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Բրյուսել և Փարիզ՝ Եվրամիության առաջնորդների հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին քննարկելու համար: Բրյուսելում Նեթանյահուն հույս է հայտնել, որ եվրոպական երկրները կտեղափոխեն իրենց դեսպանությունները Երուսաղեմ՝ ճանաչելով այն որպես իր երկրի մայրաքաղաք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահը շուտով հանդես կգա խաղաղության ծրագրի նոր առաջարկով: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, հայտարարեց, որ հակամարտության կարգավորման միակ իրական տարբերակը «երկու պետություններ» մոտեցումն է, որտեղ Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաք 1967 թվականի բաժանարար գծի հիման վրա: Եվրամիության մայրաքաղաք այցելելուց առաջ Իսրայելի վարչապետը հանդիպում ունեցավ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նեթանյահուն կրկին հայտարարեց, որ Երուսաղեմը միշտ եղել է Իսրայելի մայրաքաղաքը: «Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է : Երուսաղեմը՝ Իսրայելինը: Այն Իսրայելի մայրաքաղաքն է շուրջ 3000 տարի, իսկ հրեական պետության մայրաքաղաքը՝ 70 տարի»,- հայտարարել է Նեթանյահուն: Սակայն նախագահ Մաքրոնի ու եվրոպական այլ առաջնորդների մոտեցումներն այս խնդրի վերաբերյալ տարբերվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարների մոտեցումներից: Եվրոպական առաջնորդները քննադատում են նախագահ Թրամփի որոշումը՝ ընդգծելով, որ նման կարևոր հիմնահարց պետք է որոշվի Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների միջոցով: Մաքրոնը ևս սատարում է «երկու պետություն» սկզբունքով կարգավորման տարբերակը, որտեղ արևելյան Երուսաղեմը դիտարկվում է որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: «Ֆրանսիան ցանկանում է, որ երկու պետություններն ապրեն խաղաղմիջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս տեսանկյունից ես բացատրել եմ վարչապետ Նեթանյահուին, որ դեմ եմ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմի մասին հայտարարությանը որը Ֆրանսիան համարում է հակասող միջազգային օրենքին և վտանգավոր՝ խաղաղության համար»,- ասել է նախագահ Մաքրոնը: Ֆրանսիայի նախագահը խնդրել է Իսրայելի վարչապետին խաղաղության բարի կամք դրսևորել պաղեստինցիների հանդեպ: «Ինչ վերաբերում է խաղաղության դրսևորմանը, կարծում եմ՝ նոր թաղամասերի կառուցման սառեցումն ու փոխվստահության մեծացման միջոցների իրականացումը պաղեստինյան ինքնավարության նկատմամբ նոր սկիզբ կարող են դառանլ, հարցեր, որոնք քննարկել ենք վարչապետ Նեթանյահուի հետ»,- նշել է Մաքրոնը: Վերջին տարիներին Իսրայելը հրեական բազմաթիվ բնակավայրեր է կառուցում պաղեստինյան գրավյալ տարածքներում, ներառյալ արևելյան Երուսաղեմում, որն անօրինական է միջազգային օրենքի տեսանկյունից: Նեթանյահուն ասել է, որ իր կառավարությունը բաց է խաղաղ բանակցությունների համար, ինչը, սակայն, մերժել է պաղեստինյան կողմը: