Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելել է Լաթաքիայի նահանգ

Պաշտոնական
9519_hq

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Լաթաքիայի նահանգում գտնվող Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ, գեներալ Իբրահիմ Խդր ալ-Սալեմի հետ: Հանդպման սկզբում նահանգապետը, հաջողություն մաղթելով Արմեն Սարգսյանին աշխատանքային գործունեության մեջ, իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Իբրահիմ Խդր ալ-Սալեմն առանձնակի կարևորեց հայ համայնքի դերն ու կառուցողական ներկայությունը Սիրիայում՝ նշելով, որ առանց հայերի դժվար է պատկերացնել Սիրիայի վերականգնումն ու նոր ապագայի կառուցումը: Լաթաքիայի նահանգապետը նշեց, որ Սիրիայի կառավարությունը բարձր է գնահատում և երախտագիտությամբ ընդունում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Սիրիայի ժողովրդին առաքվող մարդասիրական օգնությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ պատերազմի ողջ ընթացքում Սիրիայի տարածքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անխափան աշխատանքն ու դժվարին և վտանգավոր պայմաններում գործունեությունը վկայում է երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա բարի կամքի և փոխադարձ հարգանքի մասին:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խորացման, երկկողմ հարաբերությունների բնագավառում առկա ներուժի օգտագործման հնարավորությունները, որի կապակցությամբ քննարկվեց Լաթաքիայի նահանգի և ՀՀ մարզերից մեկի միջև միջմարզային փոխգործակցության խթանման հնարավորությունները, ինչը, ըստ զրուցակիցների, նոր հեռանկարներ կարող է բացել գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման բնագավառներում երկուստեք առաջընթաց ապահովելու համար: Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի զբոսաշրջության հարցերի գրասենյակի տնօրեն Ռամեզ Բերաբհանի հետ, որի ընթացքում գլխավոր հյուպատոսը ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի վերջին ՀՀ տնտեսական պատվիրակության՝ Դամասկոս կատարած այցի շրջանակներում ՍԱՀ տուրիզմի նախարարությունում կայացած հանդիպման և այս համատեքստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին: Այնուհետև քննարկվեցին զբոսաշրջության ոլորտում կապերի աշխուժացման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները:  Լաթաքիայի զբոսաշրջության հարցերի գրասենյակի տնօրենն առաջարկեց 2018թ. ընթացքում Լաթաքիայում ՀՀ և Սիրիայի զբոսաշրջության նախարարների անմիջական մասնակցությամբ կազմակերպել ՀՀ զբոսաշրջային հնարավորություններն ու ներուժը գովազդող ցուցահանդես և այս համատեքստում հայ-սիրիական զբոսաշրջային ներդրումների խորհրդաժողով` զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: