Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնական օրերին Երևանում կսահմանվի  շուրջօրյա օպերատիվ հերթապահություն

Պաշտոնական
erevan1

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել  հստակ ժամանակացույց` Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 վարչական շենքերում իրականացնելու շուրջօրյա հերթապահություն: Նույն հանձնարարականը տրվել է նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին: Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն` համագործակցելով «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, տոնական օրերին վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները: Առողջապահական և «Շտապբուժօգնության» ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է օպերատիվ հերթապահություն իրականացնել և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Հատկապես տոնական օրերին նկատվող կենցաղային աղբի ծավալների զգալի ավելացումը հաշվի առնելով էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և հատուկ օպերատիվ շտաբին հանձնարարվել է վերահսկել այդ ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության պատշաճ կազմակերպումն ու սանիտարական մաքրման իրականացումը մայրաքաղաքում: Միաժամանակ, հանձնարարվել է տոնական օրերին ապահովել նաև մայրաքաղաքի անխափան արտաքին լուսավորությունը: