Անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը. ԳՆ նիստ

Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության,  բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:
Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված  առաջիկա քայլերը և ներկայացրել առաջարկներ դրանց իրականացման մեխանիզմների ուղղությամբ:
Քննարկումների արդյունքում որոշվել է  ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել՝ առաջնորդվելով  «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը  դեռևս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել  ԳՁՕ-ների կիրառումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը,  անհրաժեշտ լրամշակումներ կատարել և ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով:
Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարևորել են նաև  սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին