Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձուկն ամեն տեղից էլ հոտում է». Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0116690

Գողացող համայնքապետերի մասին Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է քաղաքական հայտարարություն. «Քաղաքական հայտարարություններ առ այն, որ գոյություն են ունեցել էդպիսի երեւույթներ, մի բան է, որը կարող են ասել, ես էլ կարող եմ ասել եւ ասում եմ, բայց ասել, որ դրանից հետեւում է, որ էսինչ անձը պետք է բանտարկվի, այլ բան է»: Պատգամավորը համաձայն չէ, որ երկար տարիներ Սերժ Սարգսյանն ինքն է հովանավորել համայնքապետերի գողությունը, որովհետեւ նրանք ապահովել են հանրապետականների քվեների կեղծումը բոլոր ընտրությունների ժամանակ. «Քաղաքական հայտարարությունների մասով ինչ ասես կարելի է ասել»: Այսօր պարոն Ռուստամյանը չի պնդի նախկինի նման, որ ձուկը գլխից է հոտում. «Ձուկն ամեն տեղից էլ հոտում է, նայած ձուկ»: Բայց Սերժ Սարգսյանն ինքն իր դեմ հաղորդում չի՞ ներկայացնում, երբ ասում է, որ որեւէ նախարար կամ մարզպետ իրեն չմիջնորդի գողություն անող համայնքապետի համար: Սերժ Սարգսյանն, ըստ Արմեն Ռուստամյանի, չի ուզում ասի, որ եղել է միջնորդություն. «Պարզապես ուզում է ասի, որ գործընթաց է տեղի ունենալու, որն ամբողջական է, եւ որեւէ մեկը հին մեթոդներով նախկին հոգեբանությամբ չփորձի կանխել»:   ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ գողացող եւ ներված հանրապետականների մասին Սերժ Սարգսյանի ասածներում ընդհանրապես հաղորդում չկա հանցագործության մասին. «Ես նախագահի խոսքերի էդ մասը չպիտի վերլուծեմ, նախագահն ինչ ասում է՝ ասում է հիմքով, ինչ ասել ու դեռ կասի, ասում է հիմքով»: Պարոն Շարմազանովն ունի նաեւ Սերժ Սարգսյանի այն խոսքերի բացատրությունը, որ գողության հակված համայնքապետերը գոնե Նոր տարուց հետո չեն ներվելու. «Արդեն նոր Սահմանադրությամբ ենք ապրելու, պառլամենտական համակարգում ենք ապրելու: -Դա ապրիլից հետո է: -Հա, ամանորից հետո ապրիլ է»: Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչու գողերն ու թալանչիները երբեւէ չեն հետապնդվել: Նրանք հենց հանրապետական գյուղապետերն են, որոնք ներվել են ընտրությունների ժամանակ կեղծիքներ կատարելով. «Նրանք լավ են ձայներ հավաքում, նրանք լավ են ընտրակաշառք բաժանում»: Պարոն Մարուքյանն ասում է, որ եթե ինքը գլխավոր դատախազ լիներ, անմիջապես Սերժ Սարգսյանի ասածներին ընթացք կտայի եւ կփորձեի հասկանալ, թե որ համայնքապետերն ինչ հանցագործություններն են արել եւ որ մարզպետներն են միջնորդել նրանց համար, որ չպատժվեն. «Իմացել են բոլորը, բայց դա չի փաստաթղթավորվել, կամ փաստաթղթավորվել է, ինչ-որ պահից կարճվել է»: Հիշեցնենք, որ մարզպետերի եւ նախարարների միջնորդության մասին նույնպես Սերժ Սարգսյանն անձամբ է խոսել Դիլիջանում Տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ. «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է։ Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»: Ավելին՝ տեսանյութով