Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական շփոթ՝ «ընտանեկան բռնություն» և «բռնություն ընտանիքում». ում կօգնի օրենքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
YNTANEKAN

Բռնության կանխարգելման  հայաստանյան օրինագծից հանվել է «ընտանեկան  բռնություն» եզրույթը։   Դրա փոխարեն օգտագործվել է «ընտանիքում բռնություն»։ «Նշվել է միայն վայրը, որը ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ չի կարող ընտանեկան բռնության եզրույթին համապատասխանել, ինչը հակասում էր միջազգային փաստաթղթերին եւ ներպետական օրենսդրությանը»,- մեկնաբանում է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Նախորդ շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:  Հակառակ այս օրինագծի ՝ 2014 թ –ին ընդունված  սոցիալական աջակցության մասին օրենքում  օգտագործվում է ընտանեկան բռնություն եզրույթը։  «Այժմ ունենք իրավական շփոթ, որը հակասում է իրավական ակտերի մասին օրենքին»,- ավելացնում է  Զարուհի Հովհաննիսյանը:  Իրավապաշտպանն առաջարկում է նախագծից հանել ազգային, ավանդական արժեք արտահայտությունները, որոնք  չունեն իրավական որոշակիություն: «Ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության»  կոալիցիան խնդիր է տեսնում նաեւ առաջարկվող  հաշտարարի  ինստիտուտի հետ կապված։ Փաստաբան Արտաշես Խալաթյանը հայտարարում է՝ վիճելի   դրույթները նախագծում  պահպանվում են, եւ  փաստաբանների պալատի  առաջարկները հավանության չեն արժանացել՝  ինչպես կարելի է ծնողի կողմից երեխայի որոշակի տնտեսական պահանջները չբավարարել,  երբ նա ուներ այդ հնարավորությունը, ինչպես կարելի է դա տեղայնացնել: Ինչպե՞ս կարելի է դա չափել։ 2010-2017 թթ.  հանրապետությունում 50 կին է սպանվել: Ելք-ի պատգամավոր Լենա Նազարյանը, թեեւ  կարեւոր է համարում, որ օրենքը  գործի Հայաստանում, բայց միաժամանակ նշում է՝ այն չի լուծի մեծ խնդիրներ. «Օրենքի օգնությանը կդիմեն միայն այն դեպքերում, այն կանայք, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, եւ վերջապես մի օր հույսը կորցնելով՝ կթակեն օգնության դուռը: Բայց շատերը երկար ժամանակ կշարունակեն  լուռ համակերպվել եւ դիմանալ բռնության ցավին, էլ չեմ ասում՝ հոգեբանական տառապանքին»: Քննարկմանը մասնակցող  ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը   պնդում է՝ անկախ քննադատություններին՝ այս օրինագիծը պետք է ընդունվի. «Սա ոչ միայն պարտավորություն է մեր միջազգային գործընկերների հանդեպ, պարտավորությունների շարքից է, այլ նաեւ  բռնությունն ու ագրեսիան առհասարակ ավելանում է»: Ըստ քննչական կոմիտեի՝  հանրապետությունում արձանագրվող   սպանությունների 1/3-ը կատարվում է ընտանիքի ներսում: