Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ պաշտոններ այլևս անհրաժեշտ չեն. քաղծառայության մասին օրենքը կփոփոխվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Manvel-Badalyan

Կապված նոր Սահմանադրության հետ՝  Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգում տեղի են ունենալու մի շարք փոփոխություններ։ Սա ենթադրում է քաղաքացիական ծառայության համակարգի շրջանակի էական ընդլայնում։ Քաղծառայությունը կտարածվի հանրային ծառայության այլ տեսակների վրա ևս։ «Խոսքը մաքսային ծառայության, հարկային ծառայության, Ազգային Ժողովի աշխատակազմի մասին է։ Քաղաքացիական հատուկ ծառայությունը կդառնա պարզապես քաղծառայություն։ Այժմ մշակվում է քաղաքացիական ծառայության նոր օրենքի նախագիծ, որը փորձելու է այս հարցերին լուծումներ տալ։ Սա պայմանավորված է ՀՀ մասնատված հանրային ծառայության միասնականացման նպատակով։ Սա ինքնանպատակ չէ։ Միևնույն չափորոշիչները կսահմանվեն բոլորի համար»,- նշում է ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Խոսելով քաղծառայության մրցույթների մասին՝ Մանվել Բադալյանը փաստում է, որ կազմակերպված մրցույթներից 13 տոկոսում հաղթողներ չեն եղել և մոտավորապես նույնքան մրցույթներ էլ պարզապես չեն իրականացվել՝ մասնակիցներ չլինելու պատճառով։ Մանվել Բադալյանը սա կապում է ոչ միայն մասնագետների բացակայության խնդրի հետ, այլև այն հանգամանքի հետ, որ շատ պաշտոններ այլևս անհրաժեշտ չեն։ Մանվել Բադալյանի կարծիքով՝ ոլորտի օպտիմալացումը պետք է տեղի ունենա հենց նման պաշտոնների կրճատման կամ իրար միացնելու եղանակով։ Նա նշում է, որ քաղծառայողներին չի սպառնում աշխատանքից կրճատման վտանգը։ Մանվել Բադալյանը հավելեց, որ քաղծառայության մասին նոր օրենքի նախագիծը պատրաստվում են Կառավարությանը ներկայացնել գարնանը։