Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց ձորում զարգացնում են գինեգործությունն ու անասնապահությունը

Պաշտոնական
1-1-1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան և չրարտադրությամբ զբաղվող «Ալ Վկուս» ընկերություն: «Գոլդեն Գոութ» ընկերությունը գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` արտադրության ծավալներն այստեղ տարեցտարի աճում են: Սկսել են 45 տոննայից, այնուհետև տարեկան շուրջ 10-15 տոկոս աճ են ապահովել, 2017 թվականին արդեն 137 տոննա պանիր են արտադրել, որից 48-ը` այծի: Այծի պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: Խաչիկ Մարտիրոսյանը նշում է, որ պատրաստ են ավելացնել արտադրության ծավալները, եթե հումքն ավելի շատ լինի: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի անասնապահության և անասնաբուծության բաժնի խորհրդատու Նարինե Բաբայանի տեղեկացմամբ` այծաբուծությունը Հայաստանում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում զարգացման շատ մեծ հեռանկարներ ունի, ինքնաբավ և շահութաբեր ճյուղ է: 6 «Ալ Վկուս» ընկերությունը չոր մրգի արտադրությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից, մթերում են տանձ, խնձոր, ծիրան, արքայանարինջ, բալ, դեղձ, խոտաբույսերի որոշակի տեսակներ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից, նաև Արցախից, արտադրանքը դարձյալ ուղևորվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ընկերության գործադիր տնօրեն Խաժակ Օհանյանի հավաստմամբ` իրացման խնդիր չունեն, նախատեսում են առաջիկայում ավելացնել արտադրական հզորությունները: Այս պահի դրությամբ մթերել են շուրջ 300 տոննա պտուղ, շուրջ 50-100 տոննա արքայանարինջ էլ դեռ կմթերեն: 2 (1) Նախարարի հաջորդ կանգառը Գնդեվազ համայնքի «Էկոֆարմ» անասնապահական համալիրում էր: Այստեղ անասնապահական աշխատանքների մոտ 80 տոկոսն ավտոմատացված է, շուրջ 300 գլուխ կենդանի ունեն, ներկայացված են երեք ցեղատեսակներ` կաթնատու հոլշտենը, կաթնամսատու սիմենթալը և մսատու անգուսը, երինջների մի մասը ներկրվել է 2013 թվականին Գերմանիայից: Տնօրեն Արկադի Մկրտչյանը նշում է, որ հաջորդ տարի նախատեսում են ներմուծել ևս 66-70 գլուխ երինջ: Արտադրվող կաթն իրացվում է տեղական շուկայում, առկա է անասնակերի արտադրության բազա, կովերի միջին օրական կաթնատվությունը կազմում է 20 լիտր, կաթի յուղայնությունը 4,3 տոկոս է, գնորդները որակից գոհ են, կաթը մթերվում է 220-240 դրամով: 2018 թվականին նախատեսում են կառուցել նաև հորթանոց և ծնարան: 16 ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Զառիթափում վերջերս շահագործման հանձնված սպանդանանոց: Այստեղ կենդանիների մորթն իրականացվում է իսլամական «հալալ» կանոններով, իրանական կողմի հետ արդեն երկու պայմանագիր կնքել են: Այցի ավարտին Իգնատի Առաքելյանը եղել է Աղավնաձորի «Տրինիտի Կանյոն այգիներ»-ում: Նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: «Տրինիտին» առաջին ընկերություններից է, որն արտադրում է գինի օրգանական խաղողից, այս պահին գտնվում են օրգանական սերտիֆիկացման վերջին փուլում: Գինեգործ Արտեմ Պարսեղյանը նշում է, որ փորձում են յուրահատուկ գինիներ ստանալ` համադրելով տեղական և ներմուծված խաղողի տեսակները, որոշ գինիներ խմորվում են հին կարասներում, հնարավորինս բնական ձևով, որոնցում գինին երկար ժամանակ մնում է քաղցուի վրա` ստանալով յուրահատուկ տտիպություն և առավել վառ արտահայտված բույր: Ընկերության արտադրանքի մոտ 60-70 տոկոսը արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև իրացվում է տեղական շուկայում: «Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է հանդիսանում գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում, իսկ անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու համար, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ամփոփելով այցի արդյունքները` նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարը նաև նշել է, որ անասնապահության ոլորտում օրինակելի տնտեսություն է Գնդեվազի անասնապահական համալիրը և նման ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով ծրագրեր կմշակվեն լիզինգային պայմաններով սարքավորումների տրամադրման և ապառիկ կարգով անասնագլխաքանակի ձեռքբերման համար` կատարված ներդրումներից առավելագույն արդյունք ապահովելու նպատակով: Քննարկումների փուլում է նաև «Տոհմային երինջների ձեռքբերման» պետական աջակցության ծրագիրը, որը նույնպես նպատակաուղղված է անասնաբուծության ոլորտի զարգացմանը: 14 Նախարարը կարևորել է նաև սպանդանոցների գործունեությունը` որակի վերահսկողության, բնակչությանն անվտանգ սննդամթերքով մատակարարելու և արտահանման խթանման տեսանկյունից: Անդրադառնալով մարզում այծաբուծության ճյուղի զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին` նախարար Առաքելյանը հավելել է, որ նախարարությունը ներդրողների հետ համատեղ ծրագրեր կմշակի տեղում տոհմային այծաբուծական տնտեսություն հիմնելու համար, որը կներմուծի և կարտադրի տոհմային կենդանիներ: kover Մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ 2017 թվականին մարզում խաղողի արտադրության աճ է արձանագրվել, մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, գինը 250-400 դրամ է կազմել, ավելացել են պտղի և խաղողի այգետարածքները: Մարզպետը հավելել է, որ Վայոց ձորն ունի անասնապահության զարգացման համար մեծ պոտենցիալ և հնարավորություններ` հույս հայտնելով, որ կառավարության կողմից տրվող ցածր տոկոսադրույքով նպատակային վարկերը կնպաստեն նաև անասնագլխաքանակի ավելացմանը: Նրա խոսքով` մարզի ֆերմերներն արդեն 40 մլն դրամի վարկեր են ստացել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին