Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»

Քաղաքականություն
bant

Հայտարարություն քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի վերաբերյալ Հայրենակիցներ, Երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հանցախումբը քաղաքական շարժառիթներով արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ է պահում մեր հայրենակից Կարո Եղնուկյանին: Ըստ հանցախմբի՝ Կարո Եղնուկյանի «մեղքն» այն է, որ նա հեռախոսային մի քանի խոսակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության գունդը գրաված ապստամբների՝ «Սասնա ծռեր» խմբի իր ընկերների հետ: «Ազգային ինքնորոշում միավորման» և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեր երկրի նվիրյալ քաղաքացի է: Հայրենասիրական մղումներով նա իր 5 զավակներին հայրենիքում հայեցի մեծացնելու նպատակով ԱՄՆ-ից հայրենադարձվել է Հայաստան և որպես բարձր քաղաքացիական գիտակցության կրող անձ, անկախության մարտիկ ու արդարության ջատագով՝ անտարբեր չի մնացել երկրի առջև ծառացած ոչ մի փոքր ու մեծ խնդրի նկատմամբ: Կարո եղնուկյանը մեր կողքին, հաճախ մեր և ձեր փոխարեն պայքարել է Երևանի Մաշտոցի պուրակը և Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար: Բացառապես քաղաքական և օրինական ճանապարհով պայքարել է երկրում օրինական իշխանություն ձևավորելու և հանցախմբին հեռացնելու համար: Չնչին բացառություններով նրա պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանության գործադրած բռնությունների ու ապօրինի հալածանքների միջոցով դեմ են առել փակուղու: Բավական է հիշել միայն Բերձորում Արցախի վարչախմբի կազմակերպած ամոթալի հարձակումը նրա և խաղաղ ավտոերթի մյուս մասնակիցների վրա, որտեղ ջարդեցին երթի մասնակիցների, այդ թվում և նրա մեքենաները և ֆիզիկական բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ: Անպատիժ ու չբացահայտված մնացին նրա և մի քանի այլ ակտիվիստների մեքենաների հրկիզման դեպքերը: Ոստիկանական բռնության ենթարկվեց նաև Եղնուկյանի կինը: Հասկանալի է, որ իշխանությունների բռնությունների, հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած Եղնուկյանը, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չէր կարող չհամակրել նույն հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած և քառօրյա պատերազմից հետո ճարահատյալ ապստամբության դրոշ բարձրացրած իր ընկերներին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը հեռախոսային զանգերի համար չէ, որ բանտում խոշտանգում է ծանր առողջական վիճակում գտնվող Կարո Եղնուկյանին: Նրան պատժում են իր ընդդիմադիր քաղաքական գործունեության և վերը նշված օրինական պայքարի բոլոր դրվագների համար: Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մեր հայրենակիցներին, Սփյուռքի հայությանը, մարդու իրավունքները պաշտպանող տեղական և միջազգային կառույցներին ու անհատներին դիմում ենք կոչով, որպեսզի բոլոր հասանելի միջոցներով արտահայտեն իրենց բողոքը Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների դեմ և պահանջեն նրա անհապաղ ազատ արձակումը: Հանուն Հայաստան պետության ճակատ, Երևան, 08.12.2017թ.