Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթենքի քրդերը բողոքում են ընդդեմ Էրդողանի այցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0C8BD264-7C50-4B91-AA71-4D37B242C802_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Աթենքում բնակվող քրդերը դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեկտեմբերի 7-ի այցի Աթենք: Ցուցարարների պաստառները համեմատում են Էրդողանին Հիտլերի հետ: Նրան անվանում են «ահաբեկիչ» և «ֆաշիստ»: Ցուցարարները նաև այրել են Էրդողանին պատկերող պաստառը: «Էրդողանն իր երկրում բռնակալ է և շատ հանցանքներ է գործել քուրդ ժողովրդի դեմ: Մենք չենք ցանկանում նրան այստեղ տեսնել: Դրա համար Աթենքի քրդերը դուրս են եկել բողոքի ցույցի»,- ասում է ցույցի մասնակից Յուսուֆ Օզդեմիրը: Թուրքիայի նախագահը երկօրյա այցով ժամանել է Հունաստան: Վերջին 65 տարիների ընթացքում սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է Հունաստան: Այցի նպատակն է բարելավել թուրք-հունական հարաբերությունները: Երկու երկրներն էլ հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն նրանց միջև առկա են բազմաթիվ խնդիրներ, ներառյալ Կիպրոսի հիմնախնդիրն ու սահմանային այլ հարցեր: Նախքան իր այցը նախագահ Էրդողանը հունական լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ թուրք-հունական սահմանների վերաբերյալ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի, որը, Էրդողանի կարծիքով, ունի դրույթներ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Նա նաև ընդգծել է, որ Հունաստանը չէր կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ առանց Թուրքիայի աջակցության: Դրան արագորեն արձագանքել է Հունաստանի նախագահ Պրոկոպուս Պավլոպոլուսը, ով հայտարարել է, որ պայմանագիրը բանակցության ենթակա չէ: Վերլուծաբանները չեն ակնկալում, որ այս այցը կարող է անմիջապես բարելավել այս երկրների միջև հարաբերությունները: Այցին նախորդել էին Կիպրոսի հիմնախնդրի առնչությամբ տապալված հուլիսյան բանակցությունները, որոնք կրկին լարվածություն էին առաջացրել թուրք-հունական հարաբերություններում: Երկու երկրներն էլ ժամանակ առ ժամանակ օգտագործում են միմյանց նկատմամբ ռազմատենչ հռետորաբանություն: Հունաստանում շատերը գտնում են, որ Թուրքիան տարածքային պահանջներ ունի Հունաստանի նկատմամբ: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ հույները կարող են վստահ լինել, որ թուրք-հունական բացասական հարաբերությունները անցել են պատմության գիրկը: Նա այցը բնութագրել է որպես պատմական: Էրդողցանը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Վերջինս ընդգծել է, որ կարևոր է քննարկել տարաձայնությունները կառուցողական մթնոլորտում և խուսափել սադրանքներից: Նա նաև հաղորդել է, որ կողմերը համաձայնվել են միջոցներ ձեռնարկել փոխվստահության մեծացման ուղղությամբ: Այցի ընթացքում անվտանգության մարմինները արտակարգ միջոցներ են ձեռնարկել: Աթենքի որոշ հատվածներ փակվել են բնակիչների և հակաէրդողանական ցուցարարների համար: