ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա

ԵԱՀԿ նախարարական խորհրդի Վիեննայում կայացած հանդիպման առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս՝ ի դեմս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի, հայտարարում ենք, որ շարունակում ենք միասնաբար հանդես գալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը: Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը բանակցությունների միջոցով այս հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցման միակ ուղի:

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 6-ին կայացած արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք գոհունակություն ենք հայտնում բանակցությունների ակտիվացման կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին` կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու վրա: Հետագա հապաղումը միայն կբարդացնի իրավիճակը և կարող է հարցականի տակ դնել կողմերի հանձնառությունը՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու հարցում:

Հղում անելով շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռք առնելու երկու նախագահների հանձնառությանը՝ մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Մենք ողջունում ենք կողմերի՝ համանախագահների առաջարկների դիտարկումը, որոնք նպատակ ունեն վերականգնելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շփումները և աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ անհետ կորածների հետ կապված տեղեկության փոխանակման հարցում առաջ շարժվելու համար: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այս կարևոր մարդասիրական քայլերի ոչ անհրաժեշտ քաղաքականացումից:

Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ակտիվությունը՝ կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկներն առաջ մղելու համար, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներինն է:

loading