Գյումրիում բնակչուհուն ծեծել են, ժապավենով կապել բերանն ու հափշտակել ոսկյա զարդեր

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի բնակարաններից մեկը: Վերջիններս տան բնակչուհու  նկատմամբ գործադրել են բռնություն, այն է՝ սուր ծակող գործիքով հարվածել նրա ձախ ոտքին, ձեռքերով հարվածներ հասցրել նրա գլխի, դեմքի շրջաններին, մեկուսիչ ժապավենով կապել նրա բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակել ոսկյա  զարդեր,  բիժուտերիա, կանխիկ գումար և դիմել  փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, դեպքի վայրից վերցվել նմուշներ, կատարվել առգրավումներ:

Կատարվում է քննություն, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Իդեպ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորները տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար: Իրենց սև գործն անելուց հետո ստահակները դիմել են փախուստի:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Ենգոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սիմոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Ըստ աղբյուրի՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն: