Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը (տեսանյութ)

Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։

Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, և հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն իր հերթին շեշտել է Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ  նույնպես մերժում է այդ մոտեցումը:

Հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայկական եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը և, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանը և, ընդհանրապես, Միջին Արևելքը հուզող քաղաքական հարցեր: