«Մինչև 1988 թվականը կառուցված շենքերը սեյսմակայուն չեն» (տեսանյութ)

1988 թվականի Սպիտակ քաղաքի երկրաշարժից 29 տարի անց մասնագետներն այսօր Հենարան մամուլի ակումբում խոսեցին երկրաշարժից հետո եղած ձեռքբերումների և բացթողումների մասին:

«Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը աղետների պաշտպանության համակարգի և սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծումն էր»,- նշում է ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ թեև կատարված կարճաժամկետ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում երկրաշարժ չի սպասվում, այնուամենայնիվ Հայաստանից արևելք և հարավ-արևելք ընկած հատվածներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է:

ՀՀ ԱԻՆ  Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը փաստում է՝ այն շենքերը, որոնք կառուցվել են մինչև 1988 թվականը, սեյսմակայուն չեն:

«Դրանք կառուցվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, բայց գտնվում են ավելի բարձր սեյսմիկ վտանգի գոտում: Ժողովրդի մեջ թյուր կարծիք կա. նրանք շենքերի ու շինությունների վատ կառուցապատումը շփոթում են սեյսմականյունության հետ: Անկախանալուց մինչ օրս, չի կատարվել շենքերի անձնագրավորում: Այս տարի  ընդամենը 64 շենք է անձնագրավորվել: Շենքերը, ունենալով մաշվածություն, այլևս սեյսմակայուն չեն, բայց թե քանիսը կփլուզվեն, մասնագետները հստակ չեն կարող ասել»,-նշեց Գուրգեն Նամալյանը:

Մինչ օրս Հայաստանում գրանցվել է 193 երկրաշարժ, որոնցից 26-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ, ամենաուժգին երկրաշարժն այս տարի գրանցվել է փետրվարի 28-ին  Կապան քաղաքից ոչ շատ հեռու՝ 5 բալ ուժգնությամբ: Վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին Ամասիայից ոչ հեռու՝ 4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժից 29 տարի անց անգամ մասնագետները չեն տալիս պատասխան, թե շենքերի քանի տոկոսն է փլուզման ենթակա: