Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ Առաքելական եկեղեցին դիրքորոշում չի հայտնել Երուսաղեմի վերաբերյալ

Քաղաքականություն
Հայկ-Քոչարյան

Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով՝ Հայոց եկեղեցին իր դիրքորոշումը ևս հստակ պետք է արտահայտի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հոգևոր պետերի ստորագրությամբ նամակ է ուղղվել Թրամփին։ Արաբագետը ողջունեց Հայոց պատրիարքարանի՝ այդ նախաձեռնությանը միանալու քայլը և նշեց. «Երուսաղեմն իր նշանակությամբ, մշակութային առումով չի պատկանում ոչ մի ժողովրդի և ոչ մի երկրի, սա համաշխարհային մշակութային ժառանգություն է, ինքը 3 կրոնների կենտրոն է։ Պապն արտահայտվեց այդ հարցի վերաբերյալ։ Պետք է սպասենք նաև մյուս եկեղեցիների առաջնորդների հայտարարությանը։ Մենք ունենք մեծ ժառանգություն այնտեղ, որին պետք է տեր կանգնել։ Իրավիճակն այնտեղ լարվելու է»։ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև հարևան բոլոր երկրներում, և նույնիսկ ԱՄՆ գործընկերները կտրուկ մտահոգություն և բողոք հայտնեցին։ Ըստ պարոն Քոչարյանի՝ Թրամփի այս քայլը պայմանավորված էր ոչ միայն նախընտրական խոստումով, այլ նաև՝  հրեական լոբբիի ազդեցությամբ. «Կարևոր դերակատարություն ունեցավ իր փեսան, որը նաև իր խորհրդականն է և որն իր անձնական սերտ կապերով հայտնի է իսրայելական իշխանության հետ։ Բազմաթիվ այլ ֆակտորներ էլ կան, բայց փաստն արդեն կա, հայտարարությունը կա, և մենք գործ ունենք հետևանքների հետ, որոնք պետք է գնահատել և հասկանալ, համապատասխան գործողություններ ձեռնարկել»։ Այս հայտարարության հետևանքով մեծանալու է լարվածությունը Մերձավոր Արևելքում և մենք ականատեսն ենք լինելու փխրուն անվտանգության համակարգի փլուզմանը։