«Գյումրին առանց տնակների» հիմնադրամ՝ երկրաշարժից 29 տարի անց (տեսանյութ)

Երկրաշարժից 29 տարի անց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամ է ստեղծվել և բարերարներ են փնտրում։

 «Պետությունը իր միսիան ավարտել է, բայց հարցը դեռ բաց է մնում։ Դեռ կան տնակային թաղամասեր, որոնք պետք է իսպառ վերացնել, որպեսզի այլևս չտեսնենք այդ տնակներն ու չհիշենք որ այդպիսի աղետ է եղել»,-ասում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Դեռ կան անօթևան  գյումրեցիների այլ ցուցակներ։ Մարդիկ պարզվում է ընդգրկված են եղել և ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել», – իր զարմանքն է հայտնում Գյումրիի քաղաքապետը։

Վերլուծություն են անելու, ուսումնասիրելու են այս խնդիրը, վստահեցնում է պարոն Բալասանյանը։ Կազմակերպություններ կան, որ կօգնեն։

Հաջորդ կարևոր խնդիրը աշխատատեղերն են։ Շվեյցարաբնակ Վարդան Սրմաքեշն է բիզնես դնելու, այլ բարերարներ էլ կան, այսինքն՝ ոչ թե բարերարներ, այլ գործարարներ, որոնք իրեց բիզնեսները Գյումրիում պատրաստ են բացել։

Մի խոսքով տեքստիլն է պետք զարգացնել։ Լենինականը թեթև արդյունաբերության քաղաք է եղել և քաղաքի բնակչության մոտ 60 տոկոսը այս բնագավառի աշխատողներ են եղել։ Սակայն այն, ինչ այսօր բացվի, իհարկե խորհուրդների տարիներին այստեղ բացված գործարանների ու ֆաբրիկաների հզորությունը չի ունենա, որտեղ 5-6000 մարդ էր աշխատում։ Դրանք փոքր մասնավոր բիզնեսներ են լինելու։

 «Նախարարությունները պետք է տեղափոխեն ինստիտուտներ, երբ հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվի, այս ամենն էլ իր հերթին կնպաստի ֆինանսական շրջանառությանը, որն էլ իր հերթին կբերի նոր աշխատատեղեր»,- հուսադրում է Սամվել Բալասանյանը։

Հիմնական հույսը Գյումրու ղեկավարությունը նաև զբոսաշրջության հետ է կապում։ Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին պետք է հիշի իր լուսավոր անցյալը և նայի դեպի հուսադրող ապագան։ Գյումրին պետք է դառնա մշակութային և սպորտային քաղաք, որը զբոսաշրջիկների մեծ հոսք է բերելու։

Մինչև հաջորդ տարի, ասում է Գյումրու քաղաքապետը, շատ խնդիրներ իրենց լուծումը կունենան։ Իսկ հաջորդ տարի արդեն կնշեն ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը։