Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուսափածները պետք է բանտ նստեն, ասել է ՊՆ-ն. ՀՀԿ-ականը հասկանում է նրան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitleduyg

Հանրապետականը չի ցանկանում երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, որով մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը, մինչեւ 27 տարեկան դասալիքները 3 միլիոն 6 հազար դրամ տուգանք վճարելով ազատվում են քրեական պատասխանատվությունից.  «Սա միջին կարգի հանցագործություն է համարվում, եւ այդ տույժերը, որ իրենք մուծում են, հենց դրա համար, որպեսզի կարողանան որեւէ ձեւով փոխհատուցել»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Հիշյալ օրենքի հեղինակ Կարինե Աճեմյանն ասում է, որ այլ պատգամավորներ կամ նույնիսկ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ կարող են փորձել երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, բայց այսօրվա դրությամբ Հանրապետականը մտադիր չէ գնալ այդպիսի քայլի. «Այս ամենը պետք է դիտարկել,-ժամանակները շատ արագ փոխվում են,-«Ես եմ», «Պատիվ ունեմ»,-այս բոլոր բարեփոխումները որ բանակում իրականացվում են,-կոնտեքստում»: Պաշտպանության փոխնախարարն անձամբ է խոստացել, որ 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո ծառայությունից խուսափածները պետք է բանտ նստեն: Կարինե Աճեմյանը նրան հասկանում է. «Իրենք ունեն հստակ մոտեցում, սկզբունք, որ այլեւս չեն ուզում շարունակել»: Պատգամավորն ասում է, որ քրեական պատասխանատվության կենթարկվեն նույնիսկ այն երիտասարդները, որոնց ծնողները Հայաստանից հեռացրել են գրեթե նորածին վիճակում, բայց չեն փոխել նրանց քաղաքացիությունը. «Բանակից խուսափելը դա չի կարելի խրախուսել երբեւէ, որովհետեւ մեր վիճակը պատերազմական, մենք այնպիսի բանակ պետք է ունենանք, որ կարողանանք հանգիստ ապրել»,- նկատել է տալիս ՀՀԿ-ականը: Մարդն ասում է՝ այս օրենքը բարի կամքի դրսեւորում է բանակից խուսափողների հանդեպ՝ թող արտերկրից վերադառնան, ծառայեն, հետո նորից վերադառնան իրենց բնակության երկիր. «Թող չթափառեն այլ երկրներում, եթե այդ նպատակն ունեն, թող վերադառնան»: Պատգամավորը հիշեցնում է, որ 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ 27 տարեկան դարձածները կարող են դեռ մինչեւ 2019-ը գումարներ մուծելով ազատվել քրեական պատասխանատվությունից: Դեկտեմբերի 1-ից հետո 27 տարեկան դարձածներն արդեն կենթարկվեն քրեական պատասխանատվության եւ ոչ մի գումար նրանց չի փրկի բանտերից։