Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թանկացումներն արհեստական են, որպեսզի կարողանան իրենց դախոդներն ապահովեն» (տեսանյութ)

Տնտեսություն
melieta

Հայաստանում համատարած թանկացումների պատճառը ոչ  Նոր Զելանդիայում կարագի  գնի ավելացումն է, ոչ էլ  մսի արտահանման ծավալների  աճը. «Թանկացումները կապված են սպառողների դեֆիցիտների հետ։ Այսինքն, չունենք մենք սպառող, չունենք մենք սպառում։ Այսինքն, եթե չկա այն մարդկանց թիվը, որ եղել է 10-12 տարի առաջ , օրինակ խանութը վաճառել է ամիսը հարյուր կիլոգրամ կարագ, այսօր վաճառում է ամիսը տաս կիլոգրամ կարագ»,-նշում է սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Սպառողների թվի նվազմանը զուգահեռ՝  տնտեսվարողներն էլ են թելադրում իրենց խաղի կանոնները։ Մելիտա Հակոբյանը փաստում է. «Սա ինչ-որ տեղ մեխանիկական բարձրացում է, արհեստական, որպեսզի իրենք կարողանան իրենց դախոդները ապահովեն, չկա լավ սպառող, չկա և լավ սպառում»։ Գնաճը հատկապես  նկատելի է  ամանորի նախօրեին, որ Սպառողների ազգային ասոցիացիան անընդունելի է համարում։  «Բոլոր երկրներում նախատոնական մեծ զեղչեր են լինում, իսկ մեզ մոտ հակառակն է։ Եթե  մինչև Նոր տարի  վաճառել են օրինակ հարյուր կգ խոզի միս, ամանորին վաճառում են հազար կգ։ Նրանք իջեցնում են գինը, որպեսզի սպառում տեղի ունենա, դրանից  էլ օգուտ են քաղում»,- ավելացնում է Մելիտա Հակոբյանը։ Քաղաքացիներն արձանագրել են՝ այս տարի թանկացումները սկսվել են  ամանորյա տոներից մի քանի ամիս առաջ։ Նախատոնական թանկացումներին զուգահեռ, այս տարի ևս մի շարք վարկային կազմակերպություններ ամանորյա կայծակնային վարկերի հայտարարություններ են անում բարձր տոկոսադրույքներով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝  նոյեմբերին՝  հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.0% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը բավականին բարձր է։  Մասնավորապես՝  կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում  արձանագրվել է 4.1%, յուղերի և ճարպերի ապրանքախմբում 14.7%  գնաճ։ Միայն կարագի գնաճը կազմել է  5.5%։ Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 9.7%, . իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝  27.0%  գնաճ։