ԵԽ նախարարների կոմիտեի կոշտ դիրքորոշումը Ադրբեջանի վերաբերյալ

«Երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել:

Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ:

Պետք է նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»,- այս մասին իր ֆբ-յան էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը