Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադամ Բարրոն ԱՄՆ-ում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված համերգին

Մշակույթ
Adam

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում: «Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ… Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը: «Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն: Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից: Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաև այլ ելույթներով: Բարրոն ակտիվ գործունեություն է ծավալում որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ.նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ տարբեր երկրներում: Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական և ֆրանսիական ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում:   2018-ը ևս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա Ադամ Բարրոն և ընկերները համերգային ծրագրով,  Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունում, ինչպես նաև հանդես կգա Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվի նաև Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը: Earthquake Poster 5 x 7