Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզո՞ւմ եք կանխարգելել բռնությունը՝ արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումները» (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ ընտանեկան համերաշխությունը ոչ օրենքով է հնարավոր վերականգնել, ոչ էլ սասանել. «Սա նույնն է, թե օրենքով սահմանենք, որ կինը ժպտալով պետք է դիմավորի ամուսնուն կամ ծնունդները այս ինչ ռեստորանում պետք է նշել: Հազիվ էինք ձերբազատվել սովետական միլիցիաների ձեռքից, որ չարամիտ կանանց հետ համագործակցելով՝ իրենց ամուսիններին գլխահակ բանտ էին ուղեկցում: Հիմա էլ նոր լիազարություններ եք տալիս ոստիկաններին: Ուզո՞ւմ եք կանխարգելել բռնությունը՝ արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումները՝ ավազակություն, բռնություն, սպանություն»: Այնուհետ նա խիստ բարկացած իր բջջային հեռախոսից ընթերցեց օրենքի վերաբերյալ մի ՀԿ-ի հրապարակում՝ այն որակելով անթույլատրելի: «Մի խորհուրդ՝ ամեն մեկը ինչ գրում է, մի կարդացեք, մի արձագանքեք, դա իր կարծիքն է: Մի բարկացեք, պարոն Պետրոսյան»,- հորդորեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այս ընթացքում մեր ազգային արժեքների վերաբերյալ նոր մոտեցումներ բացահայտվեցին. «Իմ խորին համոզմամբ՝ ամենակարեւոր հանգամանքը ընտանիքում վստահությունն ու հավատն է միմյանց հանդեպ: Այն, որ ամուսինը, ասենք, դեսերտից հետո կարող է սիգարետ հանգցնել կնոջ վրա, եթե սա նորմալ է ոմանց համար, օկեյ, ապա՝ ես ոչինչ չեմ կարող ասել այդ մարդկանց մասին: Եթե երեխաներին նվաստացնում են ընտանիքում, ապա մեկ դեպքն էլ ինձ համար ողբերգություն է: Ես կողմ եմ քվեարկելու»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը թերահավատորեն արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերին, թե ամուսինը կարող է սիգարետ հանգցնել կնոջ վրա. «Նման ֆիլմ-ուժասները նկարագրված են Քրեկան օրենսգրքում, թող դրանով զբաղվի ոստիկանությունը»: