Ամանորյա նախատոնական միջոցառումներն այս տարի ավելի շուտ կսկսվի. ծրագիր

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը:

Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:

Ամանորի հիմնական միջոցառումների հետ կապված Արամ Սուքիասյանը նշել է, որ դրանք  կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի  տոնական հրավառությունը:

«Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշակի նոր լուծումներ են սպասում նաև տոնական ձևավորման մեջ:

Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում ևս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով:  Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները՝ այդ թվում Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:

Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետում, որի օրինակները կբաժանվեն մայրաքաղաքի բնակչությանը, այս տարի ևս ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

«Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», – տեղեկացրել է Արամ Սուքիասյանը: