Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ հրշեջ- փրկարարները կիրառելու են գերմանական փորձը

Պաշտոնական
31781_b

Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին: Ողջունելով հյուրին նախարար Տոնոյանն անդրադարձավ Գերմանիայի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այս բնագավառում բավականին մեծ աշխատանք է արվել, ինչի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության հակահրդեհային ծառայության միջոցով, մասնավորապես՝ նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մեխանիզմներն ու մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով: Անդրադառնալով հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունների զարգացման և արդիականացման անհրաժեշտությանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության առջև խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը տիրապետի պարամեդիկի հմտությունների և կարողանա տուժածին առաջին բժշկական օգնություն տրամադրել: Կողմերը քննարկեցին նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը. մասնավորապես՝ պրոֆեսիոնալ և կամավոր հակահրդեհային ծռայաությունների բյուջեի ծրագրավորումը և ձևավորումը դաշնային, երկրամասային և համայնքային մակարդակներում: Բարձր գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու գործունեությունը՝ Հ. Ցիբսը նշեց, որ արդյունավետ համագործակցության եզրեր շատ կան: Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն և «911» հոգեբանական ծառայություն՝ ծանոթանալու վերջիններիս հագեցվածությանն ու կարողություններին: