Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված ուժերը հարձակողական օպերացիա իրականացրին (տեսանյութ)

Քաղաքականություն
PN1

Արցախի  հարավարևելյան հատվածում անցկացվեցին ՀՀ եւ Արցախի համահավաք զորախմբի քառօրյա զորավարժությունները: Հիմնական խնդիրն էր՝ հարձակողական օպերացիայի նախապատրաստում եւ վարում: «ԶՈՒ զինվորական դոկտրինան պաշտպանողական է, սակայն այն ներառում է պաշտպանողական, հարձակողական եւ հակահարձակողական օպերացիա, քանի որ հակառակորդին միայն պաշտպանողականությամբ չես կարող ամբողջությամբ ջախջախել: Այն հակառակորդը, որը կփորձի խախտել Արցախի հանրապետության կամ ՀՀ սահմանը, ապա այս խմբավորումը նախատեսված է նրա համար, որպեսզի մխրճված հակառակորդի վրա հարձակվի, մասնատի ու ամբողջությամբ ջախջախի»,- նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Այս զորամիավորումները կազմավորվել են ընդամենը 4 ամիս առաջ: Զորավարժությունն արտապլանային էր, նպատակ ուներ ստուգելու՝ վերաձեւավորված զորամասերը մարտունա՞կ են, թե ոչ: «Մեզ լավ պատրաստված առանձին-առանձին զինվորներ պետք են, սակայն մեր գերագույն խնդիրը ներդաշնակված ստորաբաժանում ունենալն է, քանի որ հաղթում են միասին, առանձին-առանձին որեւէ մեկը չի կարող հաղթել»,- նկատեց Մովսես Հակոբյանը:  Զորավարժություններին օգտագործվեցին թե ցամաքային, թե օդային բոլոր զինատեսակները՝ մի քանի հարյուր միավոր տեխնիկա: Մասնակցեցին տարբեր ստորաբաժանումների հազարավոր զինվորներ, որոնք նույն ժամանակում նույն խնդիրները կատարեցին: Միասնական զորախմբի հրամանատարի խոսքով՝ նման մասշտաբի զորավարժություններ՝ իրար հետ համագործակցելով՝ ստեղծելով համահավաք խումբ, առաջին անգամ տեղի ունեցավ: PN «Զինվորական արվեստն այն է, որ միշտ պետք է կատարելագործվի, չպետք է վերցնել նախորդ պատերազմում կամ բախումների ժամանակ՝ ինչ է եղել ու դրա ֆոնին նախապատրաստել զորավարժությունները: Քանի որ բանակը զարգացող օրգանիզմ է, բոլոր փուլերում զարգանում է՝ եւ զորավարժությունների, եւ իր առօրյայի ժամանակ»,- պարզաբանեց միասնական զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը: Մի քանի օր առաջ Ադրբեջանի, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակները անցկացրել են խոշոր զորավարժություն: Վարժանքներն անցկացվել են «Հակառակորդի հարձակման հետմղման և հակահարձակման անցնելու» սցենարով: «Պիտի ասեմ, որ լավ են անում, որ անցկացնում են. եթե ունեն բանակ, ապա այն պետք է մարզվի: Շատ կարեւոր է, որ մեր հակառակորդը լինի արժանի հակառակորդ, որպեսզի մենք հաղթենք արժանի հակառակորդին, այլ ոչ թե թույլին: Դա իրենց խնդիրն է»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:             Պայմանական պատերազմի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը եւս վերակազմավորվում է: «Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք՝ ԶԼՄ-երս, մեր բացերն ունենք: Շատ կարեւոր է, որ մարտական պատրաստվածություն ունենան նաեւ լրագրողները: Ամենակարեւորը զինվորի անվտանգությունն է. որքան էլ ԶԼՄ-ն ձգտի առաջինը լուսաբանել, ինձ համար ամենակարեւորը զինվորի անվտանգությունն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանը:                Զորվարժություններին հետեւել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ՊՆ Վիգեն Սրագսյանի եւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ միասին: Զորավարժությունների ավարտին մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին: