866 համերգ արտերկրում, երգեցողություն 27 լեզուներով. կապելլան 80 տարեկան է (տեսանյութ)

67 տարի անընդմեջ Հովհաննես Չեքիջյանը ղեկավարում է Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը, որն այս տարի  նշում է իր 80-ամյա հոբելյանը։ «1961- ի սեպտեմբերի 4-ին տվեցին իմ հրամանը, որը մինչ օրս ուժի մեջ է»- կատակում է Մաեստրոն։

866 համերգ արտերկրում, երգեցողություն 27 լեզուներով։ Նրանց երգեցողությունը օտարներին է հասկացրել, թե ինչ է հայ խմբերգային երաժշտությունը, ինչ է Կոմիտասը,  Եկմալյանը։

 «Կոմիտասի մեկնաբան լինելու համար նոտաներ երգելն անիմաստ է, նրա շունչն է պետք փոխանցել, – ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ -Դիրիժորը պետք է հասուն լինի, ձեռագիր ունենա։ Իսկ կատարելությունն անվերջ է, կատարելությունն ասես փախչում է մեզանից։ Միասնական երգելը արվեստ է ։ Երգիչը կարող է հրաշալի ձայն ունենա, սակայն երգչախմբում չկարողանա երգել։ Մեր երգչախմբում առողջ մթնոլորտ է։ Եղել են և հիասթափության օրեր։ Սակայն իմ անելիքը միշտ Հայաստանում եմ տեսել, գալու օրվանից»,-ասում է Մաեստրոն։-Մեր ամեն համերգը քննություն պետք է անցնի։ Կարևորը ունկնդիրն է, նրա ընկալումը, իսկ ունկնդրի տրամադրությունը կապված է  նաև նրա տրամադրությունից, և անգամ ինչպիսի օր է՝ արևոտ, թե անձրևոտ»։

Կապելլայի տնօրեն Դավիթ Թերզյանի խոսքով, Մաեստրոն չնայած տարիքին շատ ժամանակակից հայացքների տեր է, նաև  ունի սկզբունքային պահանջներ, որոնց հետևելը պարտադիր է։ Ամենակարևորը նրա սկզբունքներից թերևս, որ ամեն ինչ պետք է լինի իր տեղում։

Ավստրալիայում, Կանադայում  և Հարավային Ամերիկայում հյուրախաղերով չեն եղել։ Սա է Չեքիջյանի դեռ անկատար ցանկություններից մեկը։

Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի հոբելյանական համերգը։

Ծրագրում կհնչի Կոմիտաս, Եկմալյան, Տիգրանյան,Վերդի, Մաեստրո Չեքիջյանը խոստացավ նաև անակնկալներ։