Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը

Պաշտոնական
IMG_8554-копия-1

Դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը:  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև սերտ համագործակցության արդյունքում: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին միացել են 11 հասարակական կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմանում գործուն աջակցություն է ցուցաբերում պրոբացիայի շահառուներին՝ նպաստելով Պրոբացիայի պետական ծառայության զարգացմանը: Ցանցի ստեղծման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպված «Պրոբացիայի պետական ծառայության և հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Պրոբացիայի պետական ծառայության, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնող, պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող և պրոբացիայի շահառուներին ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների անդամներ: Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է: «Չպետք է միայն պատժող կառույց լինել, պետք է անձին ինտեգրենք հասարակությունում»,- հավելեց Արսեն Նավասարդյանը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը կարևորեց պրոբացիայի շահառուների համար վերականգնողական ծրագրերում ՔՀԿ-ների ներգրավումը: «Պրոբացիայի շահառուների համար մեր կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացները ցույց տվեցին, որ պրոբացիայի շահառուներին օգնում է ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելը, այլև այն միջավայրը, որում նրանք հայտնվում են, շփվում այլ անձանց հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման համար ցանցի հիմնադիրներին տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հաձնառություն» ծրագրի շրջանակում: Կարեն Զադոյանը, կարևորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին և այլն: IMG_8593 копия (1) «Մենք աշխատում էինք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ 6-7 տարի, բայց առարկայական արդյունքի չէինք հասնում: Հասկացանք, որ այդ խնդիրները պետք է միասնական ձևով բարձրաձայնենք: Եվ միայն այդ դեպքում շոշափելի արդյունքներ ունեցանք»,-ասաց Կարեն Զադոյանը: Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը հիմնադրվել է 1998թ. ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում մարդու արժանապատվության, հավասարության և օրենքի գերակայության  վրա հիմնված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանը: ՔՀԻ-ն գործունեություն է ծավալում երկու հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքներ և խաղաղաշինություն ու հակամարտությունների կառավարում:

                                                  ՀՌՉԱԿԱԳԻՐ

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ

  Հիմք ընդունելով և հաշվի առնելով ·        պրոբացիայի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերը, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպության «Ազատազրկման հետ չկապված միջոցների վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոններ»-ը, Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի՝ «Պրոբացիայի մասին Եվրոպայի խորհրդի կանոնների վերաբերյալ» CM/Rec(2010)1 հանձնարարականը, Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի` «Այլընտրանքային պատիժների և միջոցների մասին եվրոպական կանոնների վերաբերյալ» N R (92) 16 հանձնարարականին կից առաջարկությունները, ·         պրոբացիայի միջազգային հաջողված փորձը, ·        ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը, ·        Սոցիալական համագործակցության ցանցերի ստեղծման  թիվ 1044 ՀՀ կառավարության որոշումը, մտահոգված լինելով մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում վերականգնողական արդարադատության ներկա վիճակով, կարևորելով վերականգնողական արդարադատության արդյունավետության ապահովմանը ուղղված կառուցակարգերի ներդրման առաջնահերթությունը, վստահ լինելով, որ պրոբացիայի բարեփոխումների իրականացման գործում լուրջ արդյունքներ կարելի է գրանցել միայն հասարակության գործուն ներգրավմամբ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կառավարության միջև իրական գործընկերության ձևավորմամբ ու զարգացմամբ, համարելով պրոբացիայի ներդրումն առաջիկա տարիների ռազմավարական նշանակության հիմնահարց ունենալով ակտիվ մասնակցություն պրոբացիային աջակցելու գործում, սույն հռչակագրի մասնակից ՔՀԿ-ներն ազդարարում են պրոբացիային աջակցելու գործում համատեղ գործունեության և գործընկերության մասին՝ հռչակելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրումը:  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի նպատակներն են. -  Ամրապնդել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և խթանել անցումը վերականգնողական արդարադատությանը։ - Նպաստել Հայաստանում պրոբացիայի ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝  անհրաժեշտ աջակցության ցուցաբերման, հանրային վերահսկողության իրականացման, ՔՀԿ-ների ներուժի համախմբման և կարողությունների զարգացման միջոցով։ - Աջակցել ՀՀ կառավարությանը խնդիրների վերհանման հարցում, կատարել հետազոտություններ, ներկայացնել գործուն առաջարկություններ  և տրամադրել տեխնիկական աջակցություն ցանցի գործունեության ոլորտներում, ինչպես նաև աջակցել Պրոբացիայի պետական ծառայությանը վերականգնողական ծրագրերի իրականացման հարցում: - Նպաստել Հայաստանում համայնքահեն արդարադատության, հանցագործությունների կանխարգելման և վերականգնողական արդարադատության գաղափարների զարգացման քաղաքականությունների մշակմանը՝ ՀՀ կառավարության և տեղական ՔՀԿ-ների միջև տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման և խորհրդատվության միջոցով: -   Ամրապնդել հավաքական ջանքերը՝ համակարգելով ծրագրերի, հետազոտությունների, հրապարակումների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունն անդամ-կազմակերպությունների միջև: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի գործունեության ուղղություններն են. -               Համատեղել կարողությունները և ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնողական արդարադատության զարգացման ոլորտներում՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հասնել օրենսդրական բարեփոխումների և հանրային վերահսկողության իրականացմանը, ոլորտային ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացմանը և համախմբմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավական իրազեկվածության բարձրացմանը: -               Խթանել առավել առողջ և առավել անվտանգ հասարակության և համայնքների ձևավորումը՝ ռազմավարական ու մարդու իրավունքների վրա հիմնված ծրագրերի ու նախաձեռնությունների ներդրման միջոցով, որոնք նպատակ ունեն նվազեցնել և կանխել իրավախախտումները, աջակցել միջազգային նորմերի և չափանիշների կիրառմանը և դյուրացնել անցումը վերականգնողական արդարադատությանը: -               Խրախուսել տեղական և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը հանցագործությունների կանխարգելման, իրավախախտների վերասոցիալականացման և վերականգնման ծրագրերում: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ոչ ֆորմալ կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպելու է անդամ կազմակերպությունների հիմնադիր համաժողովի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն։ Համաժողովը պետք է գումարվի մինչև 2018թ.-ի ապրիլի 30-ը: Սույն Հռչակագիրն ի պահ է հանձնվում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին: Հռչակագիրը բաց է ՔՀԿ-ների համար: 03 դեկտեմբերի 2017թ.