Սարգսյանն էլ, Կարապետյանն էլ վարչապետ չպիտի դառնան. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: Նա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ.

«Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով եվրոպաում չէին նայում, թե հայերը ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- ասում է ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:

Սակայն պարոն Սարգսյանը համաձայնագրի ստորագրումից հետո տեսնում է մի խնդիր: Ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված այդ փաստաթղթից հետո ինչպես է լուծվելու 2018-ին իշխանության առաջին դեմքի հարցը: Եթե վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը, դա ուղղակի հակասության մեջ մտնում համաձայնագրի ոգու հետ.

«Կարեն Կարապետյանը դեռ Եվրոպա այցելություն էլ չի արել իր էս ամբողջ պաշտոնավարման շրջանում»,- ասում է նա:

Այդ մարդը դեռ երբեք ցանկություն չի հայտնել եվրոպացիների հետ խոսելու Հայաստանում կատարվելիք ներդրումներից: Նրա բոլոր ծրագրերը կապված են Ռուսաստանի հետ, նույնիսկ Իրան գնալով, Հայաստանի վարչապետը սպասարկել է Ռուսաստանի շահերը.

«Ռուսական կապիտալի շահը սպասարկող կառավարությունը չի կարող ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագրի իրականացման հենքը դառնալ»,- նկատում է Արամ Սարգսյանը:

Եթե վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, դա արդեն հակասության մեջ է համաձայնագրի ոչ միայն ոգու, այլեւ բովանդակության հետ՝ եվրոպացիների կառավարման մշակույթում մեկ դեմքի երրորդ ընտրություն չկա.

«Երրորդ ժամկետը բնորոշ է եվրասիական միության ղեկավարներին»:

Հայաստանի ապագա իշխանություններն, ըստ Արամ Սարգսյանի, հաջորդ տարվա ապրիլից առաջին դեմքի համար նոր անուն պիտի գտնեն, որպեսզի համաձայնագիրը միանգամից չարժեզրկեն 50-60 տոկոսով.

«Էլի թող հանրապետականից լինի, որովհետեւ ժողովուրդը քվեն տվել է հանրապետականին, էսօր իրենք են մեծաասնություն»,- ասում է ԱԺ Ելք խմբակցության անդամը:

Միայն այդ դեպքում կերեւա, թե հանրապետականը ինչքանով է լուրջ վերաբերվում Եվրամիության հետ  համաձայնագրին եւ ուզում է լուծել ոչ միայն պետական կառավարման ժողովրդավարացման խնդիրը, այլեւ Հայաստանի դեմոգրաֆիական սոցիալական խնդիրները: Այդ մարդն, ի դեպ, իր մոտեցումներով պետք է լինի եվրոպական արժեքների կրող.

«Կարող է նաեւ շատ ավելի երիտասարդ լինել կամ էդ էդքան էլ էական չի»:

Վարչապետի երրորդ թեկնածուն կօգնի, որպեսզի այսօրվա ընտրական համակարգում առանց ցնցումների ու հեղափոխության փոխվի իշխանության որակը: