Մեքենավարնեը սովորում են վարել ռուսական էլեկտրագնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ նոյեմբերի 23-ին ավարտվել են Հայաստանի պայմաններում «Տրանսմաշխոլդինգ» ռուսական մեքենաշինական գործարանի արտադրության ЭП2Д նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումները, որոնք անցել են երկաթուղու բոլոր հատվածներում, այդ թվում բարձր լեռնային: Աշխատանքներին մասնակցում էին արտադրող գործարանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները:

Զուգահեռ անցել է նաև Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների ուսուցումը, ովքեր ապագայում շահագործելու են նոր էլեկտրագնացքը:

Փորձարկումների ժամանակ բացահայտվել են մի շարք չափանիշներ, որոնք պետք է համապատասխանության բերվեն բարձ լեռնային հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պայմաններին և տեխնիկական առանձնահատկություններին:

Քննարկվում է Տրանսմաշխոլդինգի մասնագետների կողմից տեղում կամ անհրաժեշտության դեպքում արտադրող գործարանում էլեկտրագնացքի լրամշակման հարցը, ինչից հետո այն շահագործման է հանձնվելու: