Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհը խաղ է, մենք էլ՝ տիկնիկներ» (տեսանյութ)

Մշակույթ
ruzanna-1-1

«Հանգույց» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվեց ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի ծիսական տիկնիկների հավաքածուն և կայացավ նրա «Հայ ժողովրդական տարեկան տոները և ծիսական տիկնիկները» գրքի շնորհանդեսը։ «Աշխարհը խաղ է, մենք էլ՝ տիկնիկներ ու այս տիկնիկներն էլ մեր երկվորյակներն են», - ասում է  Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի  կենտրոնի տնօրեն  Հովիկ Հովեյանը։ «Տիկին Ժենյայի տարիների նվիրական աշխատանքի շնորհիվ է, որ մենք ծանոթացանք տիկնիկների ծիսական նշանակության և տիկնիկագործության հետ,- ասում է  «Հանգույց» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը։ - Սա մի ոլորտ է, որ քիչ է ուսումնասիրված, և այս գիրքը այս բացը լրացնում է։ Պետք է այն տարածենք, տրամադրենք գրադարաններին, թանգարաններին, որ հասանելի լինի բոլոր նրանց, որոնք  հետաքրքրվում են»։ Հեղինակը, ցավոք, առողջական խնդիրների պատճառով ներկա չէր և նրա տարիների գործը ներկայացրեցին զավակները և գործընկերները։ Ասիլ- Բասիլը, Ակլատիզը, Նուրին, Արուսը և այլ տիկնիկներ հայի կենցաղի անբաժան մասն են կազմել։ Նախաձեռնության հովանավոր, «Հանգույց» հիմնադրամի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նման միջոցառումները շատ է կարևորում. «Այս ամենը մեր հավատը, սովորույթներն ու ավանդույթներն են, որ պետք է պահպանել ու փոխանցել։ Այս ամենը ինձ շատ թանկագին է և մեր կազմակերպությունը ինչ անում է, հաճույքի համար է անում, ոչ որպես պարտավորություն»։  «Տիկին Ժենյան այս գործը սովորեց Սրբուհի Լիսիցյանից և նրա գործն էլ շարունակում է նոր սերունդը,- ասում է նրա որդին՝ Կարեն Քոչարյանը։- Շատ կարևոր է, որ մայրիկիս կողքին այսօր երիտասարդներ են, որոնց նա փոխանցում է իր գիտելիքները այսինքն, նրա գործը շարունակողները կան»։