Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի կաշառքի գործով մյուս ամբաստանյալը մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Քաղաքականություն
ishxan-barsexyan

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Իշխան Բարսեղյանի գործով մյուս ամբաստանյալը՝  Էլզա Զաքարյանը,  հրաժարվում է պատասխանել նախկին  դատավորի եւ նրա պաշտպանների հարցերին: «Իշխան Բարսեղյանը իր որեւէ ցուցմունքով, քայլով,  հայտարարությամբ չի ամբաստանել Էլզա Զաքարյանին եւ մեզ համար տարօրինակ է, որ Էլզա Զաքարյանը Բարսեղյանի եւ նրա պաշտպանների հարցերին չէր պատասխանում : Կարծես Բարսեղյանի գործով գործ ունենք երկու մեղադրողների հետ:  Մենք չենք կարող պաշտոնապես հայտարարել, որ նա համագործակցում է, բայց հետագայում, երբ կլսեք մեր ճառերը, մենք դրան կանդրադառնանք»,- ասաց պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող Էլզա Զաքարյանը ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Ի տարբերություն նրա՝  Իշխան Բարսեղյանը չի ընդունում իր մեղքը: Ըստ մեղադրանքի՝  Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք՝ 1000 ԱՄՆ դոլարի չափով:  Այսօր  Էլզա Զաքարյանը դեպքից  մանրամասներ ներկայացրեց. «Երկրորդ անգամ որ բարձրացա, ասեց գործը շատ դժվար է, այնտեղ հակընդդեմ հայցը պետք է վարույթ ընդունվեր կամ հայցադիմումի մեջ պետք է փոփոխվեր»,- պատմեց ամբաստանյալը: Ցուցմունքում Էլզա Զաքարյանը  նշել է, որ Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանից հենց նույն օրը  1000 դոլար էր պահանջել՝ տնից վտարելու հարցը լուծելու համար: Նորիկ Հակոբյանը  ճարել է այդ  գումարը  եւ կրկին ցանկացել հանդիպել Էլզա Զաքարյանին. «Ես մերժեցի, ասեցի հարմար չի եւ իմ գալու իմաստը չկա: Ասեցի կզանգեմ Իշխան Բարսեղյանին տեսնեմ ի՞նչ է ասում, էլի երկարատեւ ժամանակ պարոն Բարսեղյանը համոզում էր, որ գումարը Նորիկից ես վերցնեմ եւ իրեն փոխանցեմ 100 դոլարի դիմաց, բնականաբար ես մերժեցի»: Դրանից հետո նոր միայն, ըստ ցուցմունքի,  Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանին ասել է որտեղ հանդիպեն: Էլզա Զաքարյանը այսօր դատարանում նաեւ հայտարարեց, որ ակամայից է հայտնվել այդ իրավիճակում: Իշխան Բարսեղյանի պաշտպանի  Կարեն Հովհաննիսյանին  մեկ հարց էր հետաքրքրում.  «Ձեր անձնական ընկալմամբ դուք ո՞ւմ աջակցեցիք, ո՞ւմ օժանդակեցիք՝ Նորիկի՞ն, թե՞ Իշխան Բարսեղյանին 1000 դոլարը ստանալու համար»:  Այս հարցին էլ Էլզա Զաքարյանը հրաժարվեց պատասխանել: Դատական հաջորդ նիստին արդեն ցուցմունք կտա Իշխան Բարսեղյանը: