Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Ջուղայի համայնքը նշում է 130-ամյա թատրոնի հոբելյանը (տեսանյութ)

Մշակույթ
Nor-Jugha-2

Նոր Ջուղայի հայ համայնքը ավելի քան 400 տարի ապրում և արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, մշակութային օջախները, սովորույթներն ու ավանդույթները: Նոր Ջուղայում բացվել են լավագույն գիտելիքներ տվող դպրոցներ։ Ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։  Իսկ թատերական կյանքի գործունեության հարուստ պատմությամբ Նոր Ջուղան սփյուռքի ամենահին թատերական կենտրոններից է: Անձնական հավաքածուներում պահած փայփայած լուսանկարներ, թատերական  ծրագրեր, հուշագրություններ, վավերագիր փաստեր, որ իրենց ժամին էին սպասում պատմելու թատրոնի 130-ամյա պատմությունը, նրա հիմնադրման, ոսկեդարի ու ներկայի պատմությունը: Իրանահայ թատրոնը կովկասահայ թատրոնի ծնունդ է: Կրթամշակութային կյանքում սերտորեն կապված լինելով Անդրկովկասի կենտրոնական քաղաքների՝ Թիֆլիսի, Բաքվի, Երևանի մտավորականության հետ, նրանց օժանդակությամբ դասագրքեր, գրականություն, այդ թվում և պիեսներ ձեռք բերելով՝ տեղական կյանքի վերելքով մտահոգված գործիչները նպաստել են և դպրոցի, և արվեստների զարգացմանը: Թավրիզի, Թեհրանի, Ռաշտի թատերական կյանքի կազմակերպիչները Անդրկովկասից Իրան փոխադրված մանկավարժներն էին: Կանացի դերերը կատարում էին տղամարդիկ, կամ էլ՝ Անդրկովկասից ժամանած մանկավարժների կանայք ու հարազատները: Ի վերջո, առաջադեմ հայացքների տեր գործիչներին հաջողվեց հաղթահարել կանացի սեռի՝ բեմ բարձրանալու դեմ հրահրվող խոչընդոտները: Նոր Ջուղան աշխարհագրական առումով բավականին հեռու էր ոչ միայն Անդրկովկասից, այլև Իրանի կենտրոնական քաղաքներից և կովկասահայ առաջին պրոֆեսիոնալ դերասաններն այստեղ ավելի ուշ մուտք գործեցին: Նոր Ջուղայի թատրոնի պատմության սկիզբը դրեցին երկու ընկեր՝ Երաշտի թատրոնի հիմնադիր դերասաններ Բեգլար Աղայանը իր խաղընկեր Հովսեփ Միրզայանցի հետ: Երիտասարդ թատերասերները որոշեցին աշխուժացնել Նոր Ջուղայի մշակութային կյանքը և նոր ջուղայեցիներին  «թատերական ճաշակ տալ»: Ըստ իրանական աղբյուրների, Բեգլար Աղայանը, ենթադրաբար, ծնունդով Ղարաբաղից էր, և Թավրիզում աշխատել է որպես լուսանկարիչ:  Հովսեփ Միրզայանցը, որ ուսում էր առել Նոր Ջուղայում, հայտնի էր դառնալու որպես թարգմանիչ, գրականագետ և Իրանի խորհրդարանի անդամ: Առաջին հայտագիրը, առաջին վկայությունն այն մասին, որ 1887 թվականի փետրվարի 9-ին, «Սիմոնենց» կոչվող եկեղեցապատկան տան դահլիճում առաջին անգամ բացվեց Նոր Ջուղայի թատրոնի վարագույրը և տեղացի մի քանի արվեստասեր երիտասարդների հետ 26 հանդիսատեսի առջև ներկայացրին Էմին Տեր Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Թովմաս Ֆասուլյաճյանի «Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք» վոդևիլները ։ Փետրվարի երկրորդ կեսին խումբը տալիս է ևս երեք ներկայացում և հավանաբար, այսքանով էլ ավարտվում է Աղայանի և Միրզայանցի մասնակցությունը Նոր Ջուղայի թատերական կյանքին: Գալիս են նոր գործիչներ՝ Պողոս Մելքումյանը, Մայիլ Եսայանը, Ներսես Տեր-Գրիգորյանը, նոր դրամատուրգներ, թարգմանիչներ, բեմադրվում են ներկայացումներ, անգամ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Նրանց գործունեության մասին արդեն գրում են Մարսելի «Արմենիա», Թիֆլիսի «Նոր-Դար», «Մշակ» թերթերը: Սակայն թատրոնի աշխատանքը խոչընդոտվում է:1890-91 թվականները Նոր Ջուղայի  նորընտիր թեմակալ Եսայի եպիսկոպոս Աստվածատրյանի կարգադրությամբ արգելվում են թատերական ներկայացումները և դադարում է1888-ին հիմնադրված «Թատերական ակումբի» գործունեությունը: Թատերական կյանքը վերսկսելու համար մեծ ջանքեր են գործադրվում, և ի վերջո, ստանում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի համաձայնությունը շարունակելու գործը, պայմանով, որ բեմադրվող պիեսներում հակակրոնական հարցեր չեն շոշափվի: 1899-ին ստեղծվում է  «Նոր ջուղայի թատերասիրաց միությունը», որի նպատակներից մեկն էր ներկայացումներով օժանդակել  երկսեռ դպրոցներին և բարեգործական ընկերություններին: Լուծվում է նաև ներկայացումներին կանանց մասնակցության հարցը և վեց օրիորդ  քաջաբար բեմ են բարձրանում, անտեսելով համայնքի հետադեմ խավի կողմից իրենց հասցեագրված զրպարտանքը: Նրանցից երեքը՝ Ծաղիկ Մինասյանը, Լուսաբեր Տեր Հակոբյանը, Օվսաննա Սիմոնյանը ներգրավում  են 1899-ի դեկտեմբերի 31-ին 19-րդ դարի վերջին օրը «Պեպո» ներկայացման մեջ, ասես ավետելով նոր դարի սկիզբը ու թատերական կյանքի նոր զարգացումները: Թատրոնի ոսկեդարը 1920-ից 30-ականներն էին: Համաշխարային թատերական համբավ ունեցող հայ մեծ դերասանուհի, Սիրանույշի մուտքը Նոր Ջուղա, որն իր բարձր արվեստով պատվեց համայնքին 1921 թվականին էր: Այդ տարվա հունիս-հոկտեմբերին Սիրանույշը Միքայել և Մարգո Կոստանյանների և այլոց հետ մի փոքրիկ խմբով Թեհրանից հյուրախաղերի է գալիս Նոր Ջուղա և մասնակցում ութ ներկայացման, այդ թվում «Համլետի» դերակատարմամբ, իր իսկ բեմադրած ներկայացման մեջ: 1932-ին «Սիմոնենց» կոչվող տան տեղում բացվում է Հայ ակումբը, իր կանոնադրությամբ՝ պարային,երգչախմբային, երաժշտական,  ասմունքային, թատերական նաև դասախոսական բազմաբնույթ միջոցառումներով, իր կինոթատրոնով, ճաշարանով, մարզասրահով և դառնում է ոչ միայն նորջուղայեցիների ընտանեկան  ժամանցի սիրված վայրը, այլև կրթական հաստատություն: [caption id="attachment_1583178" align="alignnone" width="500"]Nor Jugha Թատրոնի առաջին դերասանական և մանկավարժական կազմը[/caption] 1937-1942 թվականները ինչպես ողջ իրանահայության, այնպես էլ Նոր Ջուղայի հայ կյանքի պատմության համար ծանր տարիներ էին:  Փակվում են հայկական դպրոցները, արգելվում են թատերական ներկայացումները: Մայրենին չմոռանալու համար տներում կազմակերպում են հայերենի դասընթացներ, աշակերտների ուժերով տալիս են ներկայացումներ: Վերսկսելով թատերական կյանքը, տրվում են նաև բարեգործական ներկայացումներ։ Նոր Ջուղայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրում 1980-ականներին: 1984-ին Հայ մարզամշակութային «Արարատ» միությանը կից կազմակերպվում է «Լևոն Շանթ» թատերախմբի Երիտասարդական բաժինը: Ցավոք, հնարավոր չէ հիշատակել բեմադրված բոլոր ներկայացումները, անուն առ անուն, հիշատակել արժանավոր բոլոր բեմադրիչներին ու դերասաններին, երաժիշտներին բեմահարդարներին ու դիմահարդարներին: Նոր Ջուղայի թատրոնի անցյալի ու ներկայի վաստակաշատ բոլոր գործիչներին Այսօր Նոր Ջուղայի համայնքը նշում է 130-ամյա թատրոնի հոբելյանը։